Երեկ` մարտի 9-ին, ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները հայտարարություն են տարածել, որում ասված է.
«ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները`դեսպաններ Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), և Իգոր Պոպովը (ՌԴ) մտահոգված են մարտի 5-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին լուրերով: Եթե ապացուցվի, որ իրականում նման անիմաստ գործողություններ եղել են, դա կարող է խախտել ուժի կիրառումից ձեռնպահ մնալու և Լեռնային Ղարաբաղի հարցում խաղաղ կարգավորման ճանապարհներ գտնելու մասին համաձայնագրի հիմքերը:
Համանախագահները խնդրել են դեսպան Անդժեյ Կասպրշիկին բոլոր կողմերի մասնակցությամբ հետաքննություն անցկացնել: Համանախագահները հաջորդ շաբաթ կմեկնեն տարածաշրջան, որտեղ կոչ կանեն հակամարտող կողմերին համագործակցել հետաքննության ընթացքում:
Համանախագահները խստորեն դատապարտում են ցանկացած կյանքի կորուստ, և զգուշացնում են բոլոր կողմերին պահպանել 1994 թվականին ընդունված հրադադարի ռեժիմը, և իրականացնել 2010-ի հոկտեմբերին Աստրախանում և մի քանի օր առաջ Սոչիում ստորագրված համաձայնագրերի արդյունքում ստանձնած պարտավորությունները»: