Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում քննվել է Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Վարդգես Գասպարիի դատական հայցն ընդդեմ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ): Դատական նիստը վարում էր Գրիշա Մելիք-Սարգսյանը: Նշենք, որ նոյեմբերի 12-ին ՀՀ դատախազության դիմաց ընթացող ընդդիմության ակցիայի ընթացքում ոստիկանները հրել են Վարդգես Գասպարիին, որի հետևանքով նա ընկել է: Այդ կապակցությամբ Գասպարին բողոք է ներկայացրել ՀՔԾ-ի դեմ:
Epress.am-ի հետ զրույցում Գասպարին ասել է, որ դատը հետաձգվել է 20 օրով:
«Ես դատավորին ներկայացրի այն բոլոր ընթացակարգային խախտումները, որոնք առկա են այս գործի շրջանակներում: Ես, օրինակ, ասում եմ, որ ոստիկանության աշխատակիցներին հարցաքննելու ժամանակ նշված չէ հարցաքննությունը սկսելու ժամը և դրա ավարտը: Դատավորը դիմեց քննչականի ներկայացուցչին, և, կարծես, վերջինս էլ անտեղյակ էր, որ, քրեադատավարական օրենսգրքի համաձայն, կա սահմանված կարգ: Այնուհետև, դատավորը դիմեց ինձ` խնդրելով ներկայացնել այն բոլոր օրենքները, որոնց խախտումները ես մատնանշում եմ: Ես ժամանակ խնդրեցի դրանք ներկայացնելու համար, և դատը հետաձգվեց», – պատմել է Գասպարին:
Նա ասել է նաև, որ շատ զարմացած էր, որ նման անգրագիտություն է տիրում ՀՔԾ-ում.
«Ես չէի պատկերացնում, որ նրանք այսքան անգրագետ են ու թույլ, բայց ավելի ցավալի է, որ մենք չենք կարողանում նման թույլ ու տգետներին դուրս շպրտել»: