«Շանթ» հեռուստաընկերությունը դատական հայց է ներկայացրել Սևանում «Հոգեգալստյանական կրոնական խմբավորման դեմ` լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար:
Այսօր մամուլի ասուլիսին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը և Սևանի բնակիչ, «Հոգեգալստյանական կրոնական կազմակերպության հոգևոր հովիվ Վլադիմիր Բաղդասարյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը ներկայացրել են դեպքի մանրամասները:
«Ես գտնում եմ, որ սա միտումնավոր գործընթաց է լրատվամիջոցների կողմից` ուղղված կրոնական փոքրամասնությունների դեմ, հեռուստատեսությունները հատուկ այնպիսի հաղորդումներ են պատրաստում կրոնական փոքրամասնությունների վերաբերյլալ, որ հասարակության մեջ ատելություն և անհանդուրժողականություն սերմանեն»,- ասել է Ավետիք Իշխանյանը:
Փաստաբանը, իր հերթին, նշել է, որ Վլադիմիր Բաղդասարյանը մեղադրվում է նրանում, որ 2010 թվականի նոյեմբերի 10-ին Սևան քաղաքի իրեն և ևս 3 հոգու պատկանող մասնավոր սեփականությունում խոչընդոտել է լրագրողի աշխատանքը:
«Լրագրողներն այնտեղ մուտք են գործել փակ դռնից` առանց որևէ թույլտվության, առանց ներկայանալու և առանց լրագրող լինելու փաստը հաստատտող փաստաթուղթ ներկայացնելու: Ներսում գտնվող անձանց պահանջներին հակառակ` բարձրացել են երկրորդ հարկ և կատարել նկարահանումներ: Միջադեպը տեղի է ունեցել 2010 թ. նոյեմբերի 10-ին, քրեական գործը հարուցվել է 2010 թ. դեկտեմբերի 24-ին: Մինչ 2011 թ. փետրվարի 15-ը Բաղդասարյանը, փաստացի լինելով մեղադրյալի կարգավիճակում, գործով անցել է որպես վկա, այնուհետև նորից ներկայացվել է որպես մեղադրյալ»,- պատմել է նա:
Ռևազյանի խոսքով` փաստաբանների ներկայացրած միջնորդությունների, բացարկների և քննիչի գործողությունների վերաբերյալ բողոքներին առանց վերջնական լուծում տալու` փաստաբանները տեղեկացել են, որ գործն արդեն ուղարկվել է դատարան` առանց մեղադրյալին հարցաքններու և գործի նյութերին ծանոթացնելու:
Նշենք, որ ասուլիսի ընթացքում գրեթե բանավեճ էր ընթանում «Շանթի» լրագրողի և բանախոսների միջև, որն ուղեցկվում էր այլ լրագրողների մեկնաբանություններով, որոնք փորձում էին պաշտպանել իրենց գործընկերոջը:
– Իսկ դուք որտեղի՞ց գիտեք, որ լրագրողը չի ներկայացել և թույլտվություն չի խնդրել:
– Թույլտվություն տվողը պետք է լինեին այդ տարածքի սեփականատերերը, իսկ այդ ժամանակ նախ այնտեղ է եղել միայն մեկ սեփականատերը, և նա էլ փաստում է, որ ոչ ոք նկարահանման համար թույլտվություն չի խնդրել:
– Իսկ դուք չե՞ք կարծում, որ ապտակը բռնություն է:
– Ապտակ է եղե՞լ:
– Այո, և կա դրա տեսաձայնագրությունը, ու կարծում եմ, որ դուք տեղյակ եք դրա մասին և դիտել եք:
Ավետիք Իշխանյանի խոսքով` մեղադրյալը նշել է, որ լրագրողն ասել է. «Եկել ենք աղանդավորների վնասակար գործողությունները լուսաբանելու»:
«Չնայած Հայաստանը բազմաթիվ միջազգային փաստաթղթեր է ստորագրել կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ, սակայն, ըստ բազմաթիվ մոնիտորինգների տվյալների, վերջիններիս իրավունքները Հայաստանում ոտնահարվում են», – ասել է Իշխանյանը:
«Բայց եթե դրանք իրենց բնույթով վատն են, ինչպե՞ս պիտի դրական ներկայացնեն լրատվամիջոցները», – հակադարձել է «Շանթի լրագրողը:
– Օրինակ, ի՞նչ ի նկատի ունեք:
– Օրինակ, ընտանիք են քայքայում, մարդիկ բաժանվում են:
– Իսկ քրիտոնեական ընտանիքներում մարդիկ չե՞ն բաժանվում:
– Ոչ, ամրապնդվում են ընտանիքները, հազվադեպ են բաժանվում:
Իշխանյանի խոսքով` Հայաստանում իսկապես լրագրողները բռնության են ենթարկվում, նրանց աշխատանքը խոչընդոտվում է այս կամ այն օլիգարխի, իշխանավորի կողմից, սակայն նման դեպքերն արագ կոծկվում են:
«Փակվում գնում են, ինչ եք կարծում, իշխանությունները հանկարծ որոշել են պաշտպանե՞լ լրագրողների իրավունքները: Ոչ, սա միտումնավոր քայլ է` ուղղված կրոնական փոքրամասնությունների դեմ»,- եզրափակել է բանախոսը: