Ադրբեջանում այսօր առավոտից լարված իրավիճակ է տիրում: Facebook սոցիալական ցանցում բացված էջում մարտի 11-ը նախապես հայտարարվել էր Ադրբեջանում «Մեծ մարդկանց օր», որի ընթացքում մի շարք ակտիվիստներ կոչ էին անում հակակառավարական բողոքի ակցիա անցկացնել:
Մարտի 4-ից սկսած` Facebook-ի քննարկումների առավել ակտիվ մասնակցիներին ձերբակալում էին, իսկ այսօր առավոտից Բաքվի տարբեր վայրերում մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացվել: Ադրբեջանում ակցիայի մասին հիմնական տեղեկատվությունը հնարավոր է ստանալ բլոգերից: Ինչպես նշում են Twitter-ում միկրոբլոգերի մի շարք հեղինակներ, ակտիվիստները փորձեր են անում հավաքվել Բաքվի կենտրոնում, սակայն ոստիկանությունը խոչընդոտում է նրանց գործողություններին: Այսօր Ադրբեջանում ակտիվիստների ձերբակալություններն էլ ավելի լայնածավալ բնույթ են կրում:
Արդեն ձերբակալվել են ակտիվիստներ Թուրգութ Ղամբարը, Զաուր Ղուրբանլին, գրող Ալի Աքբարը, «Նոր Ադրբեջան» կուսակցության ներկայացուցիչ Ջամալ Միրմամադովը: Ավելի վաղ լուրեր էին պտտվում «Դալղա» երիտասարդական շարժման ղեկավար Օրհան Նաբիևի ձերբակալության մասին, սակայն այնուհետև դրանք հերքվել են բլոգերների կողմից:
Ձերբակալությունները հիմնականում իրականացվում են «Մայիսի 28» մետրոյի կայարանի մոտ: