Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) և նրա գործընկեր կազմակերություն Քաղաքացիական հասարակության ինստիտուտը (ՔՀԻ) դատապարտում են քաղաքական ընդդիմադիրների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ վերջերս իրականացված և կրկնվող ոտնձգությունները, ասված է կազմակերպությունների տարածած հաղորդագրության մեջ:
FIDH-ը և ՔՀԻ-ն հիշեցնում են, որ 2011թ. փետրվարի 23-ին ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը՝ Տիգրան Փոստանջյանը, հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ) և այնտեղ ձերբակալվել։ Հարազատներին թույլ չի տրվել նրան տեսակցել։
Ըստ 2011թ. փետրվարի 21–ի Գլխավոր դատախազության մամուլի հաղորդագրության՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 311 (1) հոդվածի հիման վրա քրեական գործ է հարուցվել (Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը)։
Նախաքննությունը գտնվում է ԱԱԾ–ի վարույթում, մինչդեռ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 190–րդ հոդվածի առաջին մասի համաձայն 311 հոդվածով նախատեսված հանցագործության նախաքննությունը պետք է կատարեն ոստիկանության քննիչները։
2011թ. փետրվարի 25–ին դատարանը որոշում կայացրեց կիրառել կալանքը որպես խափանման միջոց՝ պարոն Փոստանջյանի նկատմամբ։ Մարտի 2–ին նա տեղափոխվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ շարունակաբար զգալի գերբնակեցում է արձանագրվում։
Ըստ փաստաբան Հայկ Ալումյանի՝ Տիգրան Փոստանջյանի տեղափոխումը վերջինիս նկատմամբ ճնշում գործադրելու փորձ է։
FIDH-ը և ՔՀԻ-ն մտահոգություն են հայտնում այն հանգամանքի կապակցությամբ, որ քրեական գործի հարուցումը նպատակ ունի ճնշում գործադրել ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ՝ նրանց ընտանիքների անդամներին հետապնդման միջոցով:
«FIDH-ը և ՔՀԻ-ն շարունակաբար քննադատել են Հայաստանի Հանրապետությունում մշտական բնույթ կրող չարաշահումները՝ նախնական կալանքի կիրառման և առհասարակ արդարադատության իրականացման ընթացքում։
Մեր կազմակերպություններն իրենց մտավախությունն են հայտնում առ այն, որ պարոն Փոստանջյանի արդար դատավարության իրավունքը երաշխավորված չի լինի:
Այս իրադարձությունները տեղի են ունեցել կառավարության կողմից ընդդիմադիր խմբերի, կուսակցությունների նկատմամբ մշտապես կիրառվող ճնշումների համատեքստում», – նշում են հաղորդագրության հեղինակները` հիշեցնելով մարտի 3-ի դեպքերը, երբ ոստիկանական ուժերը ցրեցին Կառավարական շենքի մոտ խաղաղ ցույցը` բռնի ուժով հետ մղելով ցուցարարներին՝ խախտելով նրանց խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը.
«Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն անմիջական մասնակցություն է ունեցել այս միջադեպին։ Ցուցարարների շարքերում էին «Ժառանգություն» կուսակցության անդամներ Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը և Անահիտ Բախշյանը»: :
Ըստ այդմ` FIDH-ը և ՔՀԻ-ն կոչ են անում ՀՀ իշխանություններին.
– իրականացնել թափանցիկ, անկախ և լիակատար քննություն Տիգրան Փոստանջյանի գործով,
– զերծ մնալ ընդդիմության անդամների կամ նրանց բարեկամների դեմ ուղղված անօրինական գործողություններից,
– երաշխավորել, որպեսզի Ոսիտկանության գործողությունները համապատասխանեն օրենքով իրենց տրված լիազորություններին,
– երաշխավորել խաղաղ հավաքների ազատությունը։