Home / Հայաստան / ՀՀ ոստիկանապետը շփոթել է «հեղափոխությունն» ու «հեղաշրջումը»

ՀՀ ոստիկանապետը շփոթել է «հեղափոխությունն» ու «հեղաշրջումը»

ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի` երեկ արած հայտրարությունն այն մասին, որ «հեղափոխությունը քրեօրեն պատժելի արարք է», լեզվաբանական սխալի արդյունք է, կարծում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

«Երևի, Ալիկ Սարգսյանը նկատի է ունեցել հեղաշրջում, ոչ թե հեղափոխություն: Չգիտեմ, իրեն հարցրեք», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հովհաննիսյանը:

Լրագրողի այն դիտարկմանը, թե, փաստորեն, Ալիկ Սարգսյանը երկրորդ անգամ է «հեղափոխություն» բառը սխալ օգտագործում (նախորդ տարի ոստիկանապետը մամուլի ասուլիսին հայտարարել էր, որ եթե Հայաստանում հեղափոխության փորձ արվի, իրենք օրորոցում կխեղդեն այն), ՀՅԴ-ական պատգամավորն ասել է.

«Օրորոցներում հեղափոխություններ խեղդելու փորձերը վերջին 3 հազար տարիների ընթացքում չեն հաջողվել: Իսկ եթե Հայաստանում հաջողվեն, ևս մեկ անգամ կփաստենք, որ ունիկալ ազգ ենք»:

Հիշեցնենք, որ Ալիկ Սարգսյանը երեկ Կառավարության շենքի առջև լրագրողների հետ զրույցում, որին ներկա էր նաև «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, հայտարարել էր, որ «հեղափոխությունը նորմալ երևույթ չէ, որովհետեւ բոլոր հեղափոխություններից հետո այդ երկրները կործանվում են առնվազն 30-50 տարով»: