Home / Հայաստան / ԱՄՆ Պետդեպի խոսնակը հրաժարական է տվել WikiLeaks «տեղեկատուի» պատճառով

ԱՄՆ Պետդեպի խոսնակը հրաժարական է տվել WikiLeaks «տեղեկատուի» պատճառով

ԱՄՆ Պետդեպի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին հրաժարական է տվել WikiLeaks կայքին կառավարական գաղտնի փաստաթղթեր փոխանցելու մեջ մեղադրվող շարքային Բրեդլի Մենինգի` կալանավայրում պահպանման պայմանների վերաբերյալ քննադատական արտահայտություններ անելու համար:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մարտի 14-ին ստորագրել է Քրոուլիի հրաժարականի դիմումը` նշելով, որ «ցավոք սրտի» ստիպված է եղել նման որոշում կայացնել:

WikiLeaks կայքի ենթադրյալ տեղեկատուն 2011 թվականի  մարտին ԱՄՆ զինված ուժերին պաշտոնապես նամակ է ուղարկել, որում  բողոքում է Վիրջինիա նահանգում գտնվող իր կալանավայրի պայմաններից: Նշենք, որ կալանավայրում նա գտնվում է 2010 թվականի հուլիսից:

Մենինգի կալանավայրի պայմանների մասին հարցը տրվել է Քրոուլիին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում: Պետդեպարտամենտի խոսնակը ԱՄՆ պաշտպանության նախարարության գործողությունները  «ծիծաղելի, անարդյունավետ և հիմար» է անվանել, միաժամանակ հավելելով, որ կասկածի տակ չի դնում նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը:

Ավելի ուշ Քրոուլին պարզաբանել է, որ խիստ սուբյեկտիվ կարծիք է հայտնել: Հրաժարականի մասին  դիմումի մեջ, որը ներկայացվել է Պետդեպին ելույթից մի քանի օր հետո, Քրոուլին հաղորդել է, որ «գիտակցում է իր արտահայտությունների հետևանքները և պատասխանատվություն է կրում իր կողմից արված քննադատությունների համար»: