Home / Հայաստան / Ինչու Ադրբեջանում ձախողվեց «ձվերի» հեղափոխությունը

Ինչու Ադրբեջանում ձախողվեց «ձվերի» հեղափոխությունը

Ամեն ինչ սկսվեց նրանից հետո, երբ Facebook սոցիալական կայքում մարտի սկզբին հայտնվեց «Մարտի 11. Մեծ ժողովրդական օր» խումբը, որը կոչ էր անում նշված օրը հակակառավարական ակցիայի դուրս գալ Ադրբեջանում:

Ավելի քան 50 հազար երիտասարդներ բողոքի ակցիային մասնակցելու հրավեր էին ստացել: Նրանց ճնշող մեծամասնությունը Facebook կայքում չէր սատարել նախաձեռնության հեղինակներին:

Չնայած բողոքի ակցիաների նախաձեռնողների ձերբակալության հանգամանքին, քաղաքի տարբեր հատվածներում երիտասարդական ակցիաներ, այդուհանդերձ, կայացան, որոնք, թերևս, դժվար է զանգվածային անվանել:

Ականատեսների խոսքով` երիտասարդները հավաքվում էին փոքր խմբերով և բացականչում` «Հրաժարական», «Ձվեր»` դրանով իսկ բողոքելով բռնապետության և մենաշնորհային տնտեսության դեմ (վերջերս պարզվել էր, որ Ադրբեջանում ձվի գինն ամենաթանկն է Եվրոպայում):

Բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանները ձերբակալել են մոտ 40 մասնակցի: Բացի դրանից, ակցիաների ժամանակ տուժել է մի քանի լրագրող, այդ թվում` «Ազատություն» ռադիոկայանի ֆոտոլրագրող Աբաս Ատիլայան: «Նա (ծեծի ենթարկողը – խմբ.) ոստիկանության կապիտան էր: Նա դաժան ծեծի ենթարկեց ինձ, թեև իմ բաճկոնի վրա գրված էր «լրատվություն»»,- պատմել է լրագրողը: Նրա խոսքով` քաղաքացիական հագուստով մի քանի մարդ օգնել են նրան ազատվել ոստիկանից, ստիպել են իրավապահ մարմինների աշխատակցին ներողություն խնդրել, այնուհետև հավելել են. «Մենք շատ ենք հարգում Եվրոպան»:

Հաջորդ ակցիան, որն անցկացվել էր «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության կողմից, տեղի է ունեցել մարտի 12-ին քաղաքի կենտրոնում`Շատրվանների հրապարակում: Այս անգամ, ականատեսների խոսքով, հավաքվել էր մոտ 500 հոգի: Կես ժամվա ընթացքում ոստիկանության աշխատակիցները ցրել էին հանրահավաքը, մոտ 10 մարդ ձերբակալվել էր:

«Զանգվածային ակցիաների փորձը ձախողվեց միայն այն պատճառով, որ չկա այն ազգային կամքը, համընդհանուր կարեկցանքը Հյուսիսային Աֆրիկայի եղբայր պետությունների ժողովրդի նկատմամբ,- գրում է բլոգեր Վուղար Սաֆարովը,-Բնակչության զգալի մասին ակցիաներին մասնակցելուց գաղափարից հետ է պահում ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու, ինչպես նաև աշխատանքը կորցնելու վախը»:

Ադրբեջանում «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի» ղեկավար Շահին Ռզաևը կարծում է, որ մարտի 11-ին փողոց դուրս եկած փոքրաթիվ երիտասարդությունը «ինքն էլ չգիտեր, թե ինչ էր ուզում», և չուներ «հստակ» կենտրոնական գաղափար, որի շուրջ կարելի կլիներ համախոհների միավորել:

«Եվս մեկ գործոն, որը նվազեցնում է Ադրբեջանում եգիպտական սցենարի կրկնման հնարավորությունը, ուրբաթօրյա աղոթքի ավանդույթի բացակայությունն է, քանի որ հենց ուրբաթօրյա աղոթքը մեծապես նպաստեց Եգիպտոսի, ինչպես նաև այլ երկրների իրադարձությունների զարգացմանը»,- ասել է Ռզաևը:

Բացի դրանից, նրա կարծիքով, Ադրբեջանում այդքան էլ զարգացած չէ սոցիալական կայքերի մշակույթը: «Ընդհանուր առմամբ, այն, ինչ տեղի է ունեցել մարտի 11-ին, կարելի է անվանել լավ գաղափարի ևս մեկ  վարկաբեկում»,- ասել է նա: