Ղարաբաղի հարցում ստատուս-քվոն ամենից շատ ձեռնտու չէ Հայաստանին, Epress.am-ի հետ զրույցում ասել է վրացի քաղաքագետ Մամուկա Արեշիձեն:
«Հայաստանը շրջափակման մեջ է, ծանր տնտեսական իրավիճակում է: Ունենալով շահեկան աշխարհագրական դիրք` Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային մեծ նախագծերից: Ավելացրեք այդ ամենին ապագա պատերազմի ուրվականը, որի ընթացքում Ռուսաստանը քաղաքական, բայց ոչ ռազմական օգնություն կցուցաբերի Հայաստանին»,- ասել է փորձագետը:
Նրա կարծիքով` ներկա իրավիճակում Ադրբեջանը ոչինչ չի կորցնում, բացի իր «իր հեղինակության մասնիկից»:
«Ադրբեջանը հարուստ երկիր է և կարող է պայմաններ թելադրել: Ադրբեջանի համար Ղարաբաղը չափազանց կարևոր է գաղափարական տեսանկյունից, սակայն այն կարող է համբերել: Իսկ ահա Հայաստանը չի կարող, քանի որ դարձել է ղարաբաղյան հարցի պատանդը և չի կարողանում մանյովրել: Նմանատիպ իրավիճակում են գտնվում մի շարք վրացի քաղաքագետներ, ովքեր կենտրոնացել են Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցի վրա: Այստեղ նոր մոտեցում է անհրաժեշտ: Աշխարհը խիստ փոխվել է»,- հայտարարել է Արեշիձեն:
Ըստ փորձագետի` ղարաբաղյան հակամարտության հարցում ստատուս-քվոն կարճաժամկետ հեռանկարով շահեկան է նաև Վրաստանին, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների պատճառով բոլոր տնտեսական նախագծերը Վրաստանի օգտին են աշխատում:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Արեշիձեի խոսքով, տարածաշրջանում վերջինիս քաղաքականությունն անփոփոխ է մնում: «Ռուսաստանն անում է ամեն հնարավորը, որպեսզի այստեղ միշտ պատերազմ լինի, ավերածություն, լարվածություն, որպեսզի հարևանները չհաղորդակցվեն միմյանց հետ: Ռուսաստանն այս հարցում յուրօրինակ չէ: Բոլորը, ովքեր երբևէ գրավել են Հարավային Կովկասը, լինի դա Թուրքիան, Իրանը թե ուրիշները, նույն քաղաքականությունն են վարում»,- եզրափակել է Արեշիձեն: