ՀՀ Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել Հայ Ազգային Կոնգրեսի համակիր, հայտնի բռնցքամարտիկ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սամսոն Խաչատրյանի ձերբակալման վերաբերյալ:
Ինչպես երեկ հաղորդել էր Epress.am-ը, Երևանի կենտրոնում՝ «Դինամո» մարզադահլիճից դուրս գալուց հետո, Սամսոն Խաչատրյանին անհայտ ուղղությամբ տարել էին դիմակավոր մարդիկ: Հետագայում պարզվել էր, որ նա և նրա ընկերները` Միսակ Հովակիմյանն ու Պողոս Թրմզյանը, բերման են ենթարկվել ոստիկանություն: Վերջին երկուսին կիրակի ուշ երեկոյան բաց են թողել:
Ավելի ուշ Խաչատրյանի փաստաբան Արա Զաքարյանը Epress.am-ին հայտնել է, որ Խաչատրյանը նախնական 72-ժամյա կալանքի է ենթարկվել: Նրան մեղադրում են 316 հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)՝ կապված մարտի 1-ին տեղի ունեցած միջադեպի հետ:
Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է , որ մարտի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Սամսոն Խաչատրյանը Երևանի Մաշտոց-Կորյուն փողոցների խաչմերուկում «չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել և հարվածել` մարմնական վնասվածք պատճառելով ոստիկաններից մեկին»:
Ըստ ոստիկանության` Սամսոն Խաչատրյանը բաժնում հայտարարել է, որ քաշքշուկի ընթացքում, հնարավոր է, հարվածած լինի, սակայն չի կարող ասել, թե ում է դիպել հարվածը: