Հայ Ազգային Կոնգրեսի անդամ Սամսոն Խաչատրյանին ձերբակալել են քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով կատարված հանցագործության մեջ կասկածի համար` ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցույց տալու հատկանիշներով` մարտի 1-ին տեղի ունեցած միջադեպի հետ կապված, որի ընթացքում Խաչատրյանը հարվածել քաղաքացիական հագուստով մի մարդու, ով քաշքշում էր երթին մասնակցող կանանց:
Այս մասին Epress.am-ին հայտնել է Խաչատրյանի փաստաբան Արա Զաքարյանը:
«Իրեն տեղափոխել են ԿՊԶ և 72 ժամվա ընթացքում արդեն քննչական մարմինը որոշելու է դիմի դատարան կալանքի սանկցիայով, թե ոչ: Նա հրաժարվել է ցուցմունք տալուց և հայտարարել է, որ իր քաղաքական հայացքների համար է իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացվում, մասնավորապես, «Չորրորդ ինքնիշխանություն» թերթում լույս տեսած հոդվածի համար»,- ասել է փաստաբանը:
Երեկ Կենտրոնի քննչականի բաժնի մոտ հավաքված լրագրողներին միջադեպի առնչությամբ նաև կարծիք է հայտնել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը.
«Նույն էպիզոդի համար են այս գործը հարուցել, ապա ես ինքս այնտեղ կանգնած եմ եղել (խոսքը մարտի 1-ին տեղի ունեցած միջադեպի մասին է, որի համար մեղադրվում է Խաչատրյանը – Epress.am), ես ինքս եմ ականատես եղել, թե ինչպես էին ինչ-որ մարդիկ քաղաքացիական հագուստներով մտնում, հարձակվում մարդկանց վրա, բնական է, որ որոշ մարդիկ նաև կարող են ինքնապաշտպանություն դրսևորած լինեն: Այնպես որ միանշանակ` սա ոստիկանության սադրանքն է, միանշանակ սա քաղաքական հայացքների համար հետապնդում է, իսկ այն հանգամանքը, որ դա 12 օր հետո են արել, այն բանից հետո երբ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթում տպվեց Սամսոն Խաչատրյանի հարցազրույցը, վկայում է, որ արդեն ամենապարզ քննադատությանը չեն դիմանում»:
Զուրաբյանի խոսքով` իշխանությունները փորձում են ամեն ինչ անել, որ մարդկանց մեջ վախ սերմանեն, բայց իրականում ամեն ինչ անում են, որ «շատ ավելի շատ մարդիկ ավելի վճռական գան հանրահավաքի, որի համար իշխանություններից կարելի է շնորհակալություն հայտնել»: