Այսօր առավոտյան` ժամը 11:20-ին, ավարտվել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի գործի նախաքննությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Փսոտանջյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Վերջինս նաև ասել է, որ այս գործի հարուցման պահից սկսած խախտումների կույտ է եղել:
Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ դատախազության, «Փոստանջյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, ապօրինի շինարարությանը չխոչընդոտելու համար Հ. Ս.-ից 2010թ. սեպտեմբերին պահանջել և ստացել է 100 000 դրամ վարձատրություն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդված 1-ին մասով»:
Փոստանջյանի փաստաբանը տեղեկացրել է, որ դատարանը, չգտնելով որևէ հիմնավոր պատճառ իր պաշտպանյալին կալանավորելու համար, հորինել է մի պատճառ, որի համաձայն, իբր, Փոստանջյանը և գործին մասնակից մյուս կողմերը բնակվում են նույն համայնքում և հնարվոր է, որ մեղադրյալը նրանց նկատմամբ ճնշում գործադրի, և հենց այդ պատճառով էլ նրան կալանավորել են:
Ալումյանը նման գործողությունները որակել է որպես անհեթեթություն և ասել, որ գործը սարքելուց էլ պետք է պրոֆեսիոնալ լինել:
Փաստաբանը նաև տեղեկացրել է, որ Փոստանջյանը հրաժարվել է ցուցմունք տալ` հիմնավորելով դա նրանով, որ ԱԱԾ-ն այս գործը քննելու իրավունք չունի:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն անդրադարձել է այն խնդրին, որ Տիգրան Փոստանջյանին արգելվում է հանդիպել իր հարազատների և ԱԺ պատգամավորի` տվյալ դեպքում իր քրոջ հետ:
«Շատ ճղճիմ, 37 թվականին (1937 թվականը` ԽՍՀՄ-ում բռնապետ Իոսիֆ Ստալինի բռնաճնշումների կիզակետն է համարվում – Epress.am) բնորոշ հարձակում է, ճնշում: ԱԱԾ-ն Տիգրան Փոստանջյանին վերցրել է պատանդ, որ ստիպեն նրա քրոջը, որը ակտիվ հասարակական, քաղաքական գործունեություն է իրականացնում, ինչպես նաև ակտիվ է մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում, դառնալ պասիվ»,- ասել է Սաքուցը:
Վերջինսի խոսքով` ԱԱԾ-ն իշխանություններից քաղաքական հրահանգներ ստացող և քաղաքական հետապնդում իրականացնող մարմին է, իսկ Տիգրան Փոստանջյանին ձերբակալելու հրամանը, Սաքունցի խոսքով, իջեցվել է նախագահականից:
«ԱԱԾ-ի պետին ո՞վ է նշանակում, ո՞վ կարող է հրահանգ տալ. ոչ թե Տիգրան Սարգսյանը, այլ Սերժ Սարգսյանը», – նշել է իրավապաշտպանը:
Ասուլիսի մեկ այլ մասնակից, Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանի խոսքով` ոչ միայն ԱԱԾ-ն, այլև դատախազությունն ու մնացած իրավապահ մարմիններն են քաղաքական ազդեցության տակ գտնվում:
Իշխանյանը նշել է, որ նախաքննության ընթացքում Տիգրան Փոստանջյանի անմեղության կանխավարկածը խախտվել է, և դա լրիվ բավարար է, որ գործը ուղարկվի Եվրոպական դատարան:
Նշենք, որ Փոստանջյանի անմեղության կանխավարկածը հրապարակայնորեն խախտել էր Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, ով «Կենտրոն» հեռուստատեսության եթերում, խոսելով Զարուհի Փոստանջյանի մասին, հայտարարել էր. «Ո՞վ էր ստիպում նրա եղբորը կաշառակերությամբ զբաղվել»: