«Ես էլ լինեի Սերժ Սարգսյանի տեղը, ես էլ կամաչեի»: Այսպիսի անդրադարձ է կատարել Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը Սերժ Սարգսյանի երեկվա ոստիկանության կոլեգիայի նիստին հնչեցրած ելույթին: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը, խոսելով ոստիկանությունում դիրքի չարաշահումների մասին, ասել էր. «Ես ձեր փոխարեն ինքս ամաչում եմ: Եթե դուք համակարգի նկատմամբ լուրջ վերաբերմունք ունեք, ինչում ես վստահ եմ, համակարգի պատիվը համարում եք ձեր պատիվը, ինքներդ պետք է անձնական վիրավորանք զգաք և ինքներդ առաջինը պետք է գայիք ու այդ բարձր պաշտոն ունեցող ոստիկանին ասեիք` ա՛յ անբարոյական, ինչո՞ւ ես խայտառակում մեր համակարգը»:
«Նրա ելույթի ենթատեքստից պարզ էր, որ խոսքը գնում է Թամամյանի մասին (Հովհաննես Թամամյանը փետրվարի 26-ին ազատվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնից և ուղարկվել է կադրերի տրամադրության տակ – Epress.am), ով գործ է սարքել և կապ չունեցող մարդիկ են մեղադրվել: Նման հանցագործությունների համար կա հստակ օրենք քրեական օրենսգրքում, որով նախատեսվում է պատիժը: Ի՞նչ է նշանակում «պահել կադրերի տրամադրության տակ»: Դա քրեական օրենսգրքում նոր պատժի ձև՞ է: Դա նշանակում է, որ ոստիկանական ռեզերվում հանցագործնե՞ր են պահվում», – ասել է ՀԱԿ համակարգողը:
Զուրաբյանը նշել է, որ ընդդիմությունը հակված կլիներ Սերժ Սարգսյանի ելույթը համարել դրական նախանշան, «քանի որ այնտեղ կային խոսքեր, որոնք ցույց են տալիս, որ իշխանությունը իմ բնորոշած տղայական ռեակցիայից անցել է այլ ձևի»:
«Սա դրական կգնահատեինք, եթե չլիներ Սամսոն Խաչատրյանի դեպքը (ՀԱԿ ներկայացուցիչը ձերբակալվել էր կիրակի – Epress.am) : Իսկ ընդհանրապես մենք հավատալու և հաշվի ենք նստելու միայն գործի հետ: Խոսքը միայն նախանշան կարող ենք համարել», – հայտարարել է Զուրաբյանը:
Նա նաև անդրադարձել է Սերժ Սարգսյանի շաբաթ օրը Ծաղկաձորում հնչեցրած ելույթի այն հատվածին, երբ ՀՀ նախագահը հայտարարել է, որ «պետք է հետևություններ անել անցյալի սխալներից, որպեսզի դրանք չկրկնվեն»:
«Ես կարծում եմ, որ պետք չէ կրկնել ապօրինությունները: Սխալներ բոլորն էլ կարող են անել: Մենք էլ, հնարավոր է, սխալներ ենք թույլ տվել, բայց երբեք բռնություն, ապօրինություն, հակասահմանադրական քայլեր չենք արել: Ես առաջարկում եմ խոսել ոչ թե սխալները չկրկնելու, այլ հակասահմանադրական գործողությունները չկրկնելու գաղափարի շուրջ», – մեկնաբանել է ընդդիմադիր գործիչը: