Home / Հայաստան / «Արմավիան» հետաձգում է բոլոր չվերթները «հայրենիքի թշնամիների» պատճառով

«Արմավիան» հետաձգում է բոլոր չվերթները «հայրենիքի թշնամիների» պատճառով

Մարտի 16-ի առավոտյան «Արմավիա» ավիաընկերությունը 1 ժամով հետաձգում է իր բոլոր չվերթները` ի նշան բողոքի Հայաստանի միջազգային «Զվարթնոց» օդանավակայանի կողմից սահմանված բարձր գների դեմ:

Ինչպես հաղորդել է ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան, «խնդիրը կայանում է նրանում, որ «Զվարթնոց»-ում օդանավակայանային ծառայությունները 3 անգամ ավելի թանկ են, քան Մոսկվայի օդանավակայաններում, և միջինը 2 անգամ թանկ, քան Եվրոպայում (Փարիզի օդանավակայաններից` 1,5 անգամ, Հռոմի` 2,5 անգամ)»:

Հիշեցնենք, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը երեկ «Արմավիային» մեղադրել էր հարկերը չվճարելու մեջ: Այդ պատճառով հետաձգվել էր Երևան-Մոսկվա չվերթը: Ավելի ուշ «Զվարթնոցի» ներկայացուցիչը հայտարարել էր, որ ավիահաղորդակցությունը վերականգնված է, իսկ ավիափոխադրողի հետ պարտքերը մարելու շուրջ բանակցություններ են տարվում:

«Արմավիա»-ի հաղորդագրության մեջ ավիաընկերությունը անվանվում է «ազգային ավիափոխադրող» այն դեպքում, երբ ընկերությունը պատկանում է անհատ գործարարի` նավթային ապրանքներ Հայաստան ներկրող Միխայիլ Բաղդասարովին:

«Ողջ աշխարհում երկրի հիմնական ավիափոխադրողն ավելի լավ պայմաններում է գործում, ի տարբերություն «Արմավիայի», որը, հանդիսանալով ազգային ավիափոխադրող, որևէ բարելավված պայման չունի, թեև ամսական 500 չվերթ է իրականացնում, իսկ ամռան ընթացքում` շուրջ 700 չվերթ: Իսկ պայմանները նույնն են, ինչ այն ավիաընկերությունների համար, որոնք ամսվա ընթացքում ընդամենը 4 չվերթ են իրականացնում: Ավելին` անգամ վառելանյութը, որը Հայաստան է ներկրվում «Արմավիա» բաժնետիրոջ կողմից, վաճառվում է միևնույն օդանավակայանի կողմից 150 դոլարով ավելի թանկ:

Ստեղծված իրավիճակում «Արմավիա» ավիաընկերությունը չի կարող չդիմել նման քայլի` հասարակության, այդ թվում` ուղևորների ուշադրությունը այս հարցի վրա սևեռելու համար, քանի որ ավիածառայությունների բարձր գները թույլ չեն տալիս «Արմավիային» նվազեցնել ավիատոմսերի գները: Ի դեպ, չնայած նման թանկ գներին, «Զվարթնոցը» խիստ միջոցների է դիմել` դադարեցնելով «Արմավիայի» չվերթների սպասարկումը պարտքերի պատճառով:

Միջազգային փորձի համաձայն` ընթացիկ պարտքը մարվում է միայն հաջորդ ամսվա մեջ: Չնայած նրան, որ «Արմավիայի» պարտքը «Զվարթնոցին» կրճատվել է 20 տոկոսով, օդանավակայանը պահանջում է պարտքը նախօրոք վճարել», – ասված է «Արմավիայի» հաղորդագրության մեջ:

Չվերթները հետաձգելու որոշումը «Արմավիան», ըստ հաղորդագրության, կայացրել է տոմսերի գներն իջեցնելու համար, «իսկ դա հնարավոր է իրականացնել միայն զիջումների և բանակցությունների միջոցով և ոչ թե շանտաժի, որը միայն խթանում է բաժնետոմսերի վաճառքի մասին շշուկները»:

«Ընկերությունը չի վաճառվում, այլ ընդհակառակը, շարունակում է թռիչքների աշխարհագրության ընդարձակման քաղաքականությունը, որը դուր չի գալիս «մեր Հայրենիքի թշնամիներին», – մասնավորապես, ասված է ավիաընկերության հաղորդագրության մեջ:

Նշենք, որ հայկական մամուլում պարբերաբար հրապարակումներ են հայտնվում այն մասին, որ Հայաստանի նախագահի փեսան` Միքայել Մինասյանը, ցանկանում է «Արմավիայի» վերահսկողությունն իր ձեռքը վերցնել: