Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկու կանայք ցանկանում են ինքնահրկիզվել Ազատության հրապարակում

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկու կանայք ցանկանում են ինքնահրկիզվել Ազատության հրապարակում

Երևանի Շերամի փողոցում բնակվող Գոհար Շիֆլիկյանը պատրաստ է ինքնահրկիզվել Ազատության հրապարակում: Նա այսօր հացադուլ է հայտարարել և բենզինով լի շիշը ձեռքին` նստել այնտեղ: Շիֆլիկյանի պաստառին գրված էր, որ հացադուլն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի է:

«Եթե որևէ մեկն ինձ արգելի հացադուլ անել, ես կինքնահրկիզվեմ»,- հայտարարել է նա:

Կինը պատմում էր, որ ինքը բնակարան է գնել, բոլոր փաստաթղթերը օրինական ձևով լրացրել են, իսկ հետո պարզվել է, որ այդ բնակարանը գնել են նաև ևս հինգ հոգի, և այժմ նոտարական գրասենյակը պահանջում է այդ բնակարանը բաժանել 5 մասի:

«Աղվան Հովսեփյանը 17 տարի առաջ խլեց իմ բնակարանը, հետո ես տոկոսով փող վերցրի էս բնակարանն առա, հիմա էլ 5 նոտար խաբում են, 5 մասի են բաժանում, դուք հինգ մասի բաժանվեք, ես ձեր բերանը»,- բղավում էր կինը, երբ նրա հետևից մի երիտասարդ խլեց բենզինով լի շիշը:

«Ես հայտարարում եմ` վաղը բենզինն իմ վրա լցրած եմ գալու, ոչինչ», – ասում էր նա` այդպես էլ հստակ չբացատրելով, թե ով և ինչի համար է կոնկրետ մեղավոր «բնակարանային գողության» հարցում:

Գոհար Շիֆլիկյանի հետ էր նաև նրա հարսը, ով մեզ հետ զրույցում պատմել է.

«2007 թվականին մենք գնացել ենք բնակարան գնելու, մտել ենք նոտարական գրասենյակ 3 րոպեում բոլոր փաստաթղթերը ձևակերպել են, հետո ինձ ասեց` փողը տվել ես, ասեցի չէ, ասեց` բա ում ես սպասում, տուր, ես տվեցի 35000 դոլարը էդ մի սենյականոց բնակարանի համար: Դրանից հետո գնում եմ սեփականության վկայական ստանալու, ինձ ասում են էդ նույն տունը հինգ հոգու վրա վաճառել ա: Հարցն էն ա, որ մեր փաստաթղթերի մեջ էնպիսի բացթողումներ կան Շենգավիթի կադաստրի տված փաստաթղթերի, որ նոտարը պիտի նկատեր, ու չվավերացներ փաստաթուղթը: Տունը Մալաթիա-Սեբաստիա համայնքում ա: Աղվան Հովսեփյանի շնորհիվ ենք մնացել առանց տուն»:

Մեզ չհաջողվեց պարզել դեպքի այլ մանրամասներ և թե ինչ կապ ունի իրենց բնակարանի հետ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, քանի որ նյարդայնացած կանայք հստակ չէին ձևակերպում իրենց ասելիքը:

Այնուհետև կնոջը մոտեցան քաղաքացիական հագուստով անձինք, ովքեր հրահանգներ էին ստանում համազգեստավոր ոստիկաններից, և նախ սկսեցին համոզել կնոջը գնալ իրենց հետ, այնուհետև բռնեցին նրան ու նստեցրեցին նախապես բերված ոստիկանական մեքենան:

«Ես իրա պես չեմ, ես ուժ ունեմ մեջս վաղը ես էլ եմ հացադուլի նստելու»,- բղավում էր Շիֆլիկյանի հարսը, ում նույնպես նստեցրին ոստիկականական մեքենանա ու տարան: