«ՎՏԲ Բանկ Հայաստանը» կորպորատիվ բիզնեսի ռազմավարության շրջանակներում «Արմավիային» 20 մլն դոլարի չափով վարկ է սահմանել:
Այսօր բանկի գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովը և «Միկա» ընկերությունների խմբի և «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը համապատասխան փաստաթուղթ են ստորագրել:
Բաղդասարովը հերքել է այն լուրերը, թե այդ միջոցների մի մասն ուղղվելու է «Արմավիայի» կուտակված պարտքերը մարելուն և Փարիզում գտնվող ընկերության օդանավից կալանքը հանելուն:
««Զվարթնոցին» մեր ունեցած պարտքն այնքան չէ, որ մենք այն մարենք` ամսական 4-ից 8 մլն: Բոլոր նորմալ օդանավակայաններին գումարը տրամադրվում է հաջորդ ամիս: Պա՞րզ եմ ասում: Թե չէ էլի ուրիշ բան կասեք», – «Կապիտալ» թերթի լրագրողին է դիմել Բաղդասարովը:
«Արմավիայի» սեփականատերը հետաքրքրվել է լրագրողներից` ով է տարածել ընկերության օդանավի` կալանքի տակ լինելու մասին լուրերը. «Եթե ինքնաթիռը վերանորոգման մեջ է, դա կալանք չէ: Երկրորդը` դուք ցանկություն ունեք ամեն ինչ ներկայացնել այնպես, որ «Արմավիայում» ամեն ինչ վատ է: Մի հատ էլ ասեք, որ ես վաճառում եմ այն, ասեք, որ ընկերությունն արդեն գնել են: Դա միտում է, որը չի համապատասխանում իրականությանը»:
Նույն լրագրողի հարցին` չի պատրաստվում արդյոք Միխայիլ Բաղդասարովը վաճառել ընկերությունը, վերջինս պատասխանել է. «Չեմ պատրաստվում: Եվ խելացի մարդու ձեր ժպիտը այլ հակառակն է արտացոլում: Ես ուզում եմ ասել, որ պետք է լսել սեփականատիրոջը, այլ ոչ թե բամբասանքները: Ես 20 անգամ ասում եմ` ես չեմ վաճառում «Արմավիան», և ինձ 20 անգամ ապացուցում են, որ ես այն վաճառում եմ: Դուք ինձանից լա՞վ գիտեք: Այդ դեպքում ասեք` ում եմ վաճառում»:
«Ինչ վերաբերում է ընթացիկ պարտքերին, ապա դա ԶԼՄ-ների և ոչ միայն ԶԼՄ-ների երևակայությունն է: Ես ուզում եմ ձեզ ասել` որևէ խնդիր չկա, բացի մեկից, որը դուք արհեստականորեն ստեղծում եք», – ասել է «Արմավիայի» սեփականատերը:
Բաղդասարովն անդրադարձել է նաև «Արմավիայի» այսօրվա ակցիային` հետաձգել չվերթները, որը «հաստատում է, որ իրենք լռել են և վերցրել են հարվածն իրենց վրա»:
«Բայց նրանից հետո, երբ մեր համբերության բաժակը լցվեց, երբ այդ բարձր գների պատճառով հետաձգում էին մեր չվերթները, այժմ չվերթները մենք ենք հետաձգել, որպեսզի հանրության ուշադրությունը սևեռենք նրա վրա, որ մեր օդանավակայանում գներն ավելի բարձր են, քան այլ երկրներում»:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան «Արմավիան» հայտարարել էր, որ 1 ժամով հետաձգում է իր բոլոր չվերթները` ի նշան բողոքի Հայաստանի միջազգային «Զվարթնոց» օդանավակայանի կողմից սահմանված բարձր գների դեմ:
Ինչպես հաղորդել էր ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան, «խնդիրը կայանում է նրանում, որ «Զվարթնոց»-ում օդանավակայանային ծառայությունները 3 անգամ ավելի թանկ են, քան Մոսկվայի օդանավակայաններում, և միջինը 2 անգամ թանկ, քան Եվրոպայում (Փարիզի օդանավակայաններից` 1,5 անգամ, Հռոմի` 2,5 անգամ)»:
Հիշեցնենք, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը երեկ «Արմավիային» մեղադրել էր հարկերը չվճարելու մեջ: Այդ պատճառով հետաձգվել էր Երևան-Մոսկվա չվերթը: Ավելի ուշ «Զվարթնոցի» ներկայացուցիչը հայտարարել էր, որ ավիահաղորդակցությունը վերականգնված է, իսկ ավիափոխադրողի հետ պարտքերը մարելու շուրջ բանակցություններ են տարվում: