Քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանին այսօր ազատ են արձակել «Արթիկ» ՔԿՀ-ից: 2008 թվականի նախագահական ընտրություններում նա եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, Մարալիկ քաղաքի նախընտրական շտաբի պետ: Նա ձերբակալվել էր 2008 թվականի փետրվարի 19-ին Ընդհանուր իրավասության դատարանի վճռի համաձայն, դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Վերաքննիչ դատարանը սահմանել է 6 տարվա ազատազրկում` 112 հոդվածի (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը) և 149 հոդվածի (քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը կամ ընտրական հանձնաժողովի աշխատանքիյ խոչընդոտելը) հատկանիշով:
Ուռուտյանն ազատ է արձակվել պայմանական վաղաժամկետով` ՔԿՀ-ում անցկացնելով պատժաժամկետի մեկ երկրորդը: Հարություն Ուռուտյանը ՔԿՀ-ից դուրս գալուց հետո հայտնել է, որ Երևան է գալու` մասնակցելու այսօրվա Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքին:
Հիշեցնենք, որ մարտի 1-ի հանրահավաքի ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած պահանջներից մեկը քաղբանտարկյալների ազատ արձակումն էր: