2010 թվականի հուլիսի 13-ին Զեյթուն համայնքի Պարույր Սևակի 55/5 հասցեում գտնվող «Գրանդ Քենդի» խանութում անվտանգության աշխատակիցը սպանության փորձ է կատարել 50-ամյա Աիդա Այվազյանի նկատմամբ վավեր ՀԴՄ կտրոն պահանջելու համար: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է ինքը` Այվազյանը:
«Կոկորդիցս ուզեցել ա խեղդի, հարվածել ա սրտիս: Ես երկրորդ կարգի հաշմանդամ եմ` սրտանոթային անբավարարություն ունեմ: Ես ընդամենը կտրոն էի պահանջում, որը ՀՀ Կառավարության կողմից է հաստատված, նույնիսկ կտրոնի վրա է գրված` կշահեք դուք, կշահի պետությունը: Ինձ տվել են անորակ կտրոն, որը չէր կարող մասնակցել խաղարկությանը, ես պահանջել եմ մեկ այլ` վավեր կտրոն տալ, իսկ անվտանգության աշխատակիցը խանութի աշխատակիցների հետ միասին հարձակվել են վրաս, ու սկսել խեղդել»,- ասել է տիկին Աիդան:
Նա պատմել է, որ իր հեռախոսով զանգահարել է ոստիկանություն, հանցագործության մասին հաղորդում է տվել, սակայն նրա հաղորդման հիման վրա` գրավոր և բանավոր, այդ ժամանակ քրեական գործ չի հարուցվել: Այնուհետև դեպքի առթիվ վարույթ է սկսվել.
«Ինձ ճանաչել են խուլիգան, իսկ անվտանգության աշխատակցին` տուժող այն դեպքում, երբ դատաբժշկական փորձաքննության արդյունքում իմ վրա կան մարմնական վնասվածքներ, իսկ նրա վրա ոչինչ: Միևնույն ժամանակ նրանք խլել են իմ գնած շոկոլադները: Ես այս մասին բազմիցս դիմել եմ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, դատախազության Արամ Թամազյանին, Քնչական բաժնի Անդրանիկ Միրզոյանին, բոլորին բարձրաձայնել եմ տեղի ունեցածի մասին: Դեպքից չանցած մի քանի օր, Արաբկիրի դատախազ Սահակ Գրիգորյանը հեռախոսով սպառնացել է ինձ և ասել է, որ բողոքը հետ վերցնեմ` հակառակ դեպքում ինձ վրա քրեական գործ կհարուցեն: Ես ինքս իրավաբան եմ, շատ լավ գիտեմ ինչ ա կատարվում այնտեղ, իմ բազմաթիվ բողոքները մնացել են անպատասխան: Ես կիրթ կին եմ, 4 դիպլոմ ունեմ` շատ լավ գիտակցում եմ` ինչ եմ խոսում, ինչ եմ ասում: Այն աստիճանի է հասել, որ ամբողջ դատախազության համակարգը, ոստիկանության համակարգը կրիմինալ է, ՀՀ Սահմանադրությունը չի պաշտպանում քաղաքացու իրավունքները, քաղաքացին անպաշտպան է, մորթում են մեզ, իմ նման կիրթ կնոջը փորձում էին խեղդել ՀԴՄ կտրոնի համար», – ասել է Այվազյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ մարտի 30-ին հանդիպելու է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ և քննարկելու է իր հարցը: