Այսօր Հայաստանը տնտեսական քաղաքականության իմաստով հասել է սահմանի, որից հետո բոլորն են հասկանում արդեն` իշխանությունը, ընդդիմությունը, սովորական քաղաքացիները, որ այսպես ապրել չի կարելի:
Այս մասին այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
«Մեր երկրում վերջին տասը տարիների ընթացքում հրաժարվեցին տնտեսական քաղաքականություն վարելուց, ինքնահոսի թողեցին երևույթները, երրորդ հազարամյակի սկզբում Հայաստանի տնտեսության համար ստեղծվել էր դրական կոնյուկտուրա, որից, ըստ էության, օգտվեցին անհատները: Տնտեսական քաղաքականության ամբողջական մեխանիզմն ուղղված էր կարճատև ժամանակահատվածում եկամուտներ ստանալուն: Կեղծ մի գաղափար շրջանառվության մեջ դրվեց դա դրամի իրական փոխարժեքի հաշվարկման մեխանիզմն է: Կարճ ժամանակահատվածում մեր փողի գնողունակությունը բարձրացվեց եվրոպական մակարդակի, բայց աշխատուժի կամ վարձատրության տարբերությունը Եվրոպայի համեմատ ավելի ցածր է տասնապատիկ անգամ: Սա, իր հերթին, բացեց ապրանքների ներմուծման համար հնարավորություններ, փակեց մեր արտադրության զարգացման առանց այն էլ ծանր պայմանները», – ասել է Բագրատ Ասատրյանը:
Նա մի օրինակ է բերել, համաձայն որի 2000-2003 թթ ընթացքում Հայաստանի արտահանման ծավալները աճել էին 228 տոկոսով, երբ ներմուծումն աճել էր 144 տոկոսով: Դրան հաջորդած 6 տարիների ընթացքում` մինչև ճգնաժամը` 2008 թվականը, արտահանման աճը կազմել է ընդհանուր 154 տոկոս, իսկ ներմուծման ծավալներն աճել են 345 տոկոսով:
«Գալով վերջին շրջանի իրադարձություններին` վրա եկած ճգնաժամը ուղղակի պատռեց մեր տնտեսության դեմքը: Ուղղակի տնտեսությանը տվեց գնահատական: Տնտեսությունը խոր հիվանդություններով է տառապում, որոնց անհրաժեշտ են բուժման հրատապ միջոցներ», – ասել է Բագրատ Ասատրյանը: