Գոռ Բաղդասարյանի «Լեռը շարժելիս» ֆիլմը դարձել է լավագույն միջազգային վավերագրական ֆիլմ մրցանակի դափնեկիր Պակիստանում անցկացվող LUMS ամենամյա ֆիլմերի 5-րդ փառատոնին:
Համաձայն «Մանանա» երիտասարդական կինոստուդիայի պաշտոնական կայքի, թեև ֆիլմի տևողությունն ընդամենը 20 րոպե է, այն կարողացել է հաղթող ճանաչվել ոչ թե կարճամետրաժ, այլ երկարամետրաժ վավերագրական ֆիլմ անվանակարգում:
«Մանանա» երիտասարդական կինոստուդիայի կողմից նկարահանված ֆիլմը ստեղծվել է մոտ 5 ամսում: Ֆիլմը պատմում է երիտասարդ ամերիկացի քանդակագործ Աշիր Աքրամի մասին, ով ԱՄՆ-ից եկել է Հայաստան անցյալ տարի:
Աշիրը Հայաստանում է անցկացրել մոտ 4 ամիս` աշխատելով հսկայական մետաղյա քանդակի վրա, որն այնուհետև տեղադրվել է Երևանի Ժամանակակից Արվեստի Թանգարանում: Նրա աշխատանքն արտացոլում է իր տպավորությունները Հայաստանի մշակույթի, պատմության և կենսակերպի մասին, ինչպես նաև նրա պատկերացումները երկրի ներկայիս իրավիճակի վերաբերյալ: