ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արձագանքել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովայի հայտարարությանը: Հիշեցնենք, որ օրերս Միլլի Մեջլիսի փոխնախագահ Բահար Մուրադովան հրապարակային կոչով դիմել էր ՀՀ նախագահին և իր տիկնոջը` մասնավորապես ասելով. «Թույլ մի´ տվեք ձեր ժողովրդին սպանել երեխաներին»:
Սերժ Սարգսյանի պատասխան հայտարարության մեջ նշված է, որ Մուրադովայի` Միլլի Մեջլիսի նիստում իրեն և իր տիկնոջը հասցեագրված հայտարարությունն անկեղծորեն հուզել է իրեն:
«Հուզեց երկու պատճառով: Նախ որովհետև կարծում եմ, որ Դուք իրապես ազնիվ էիք ու վստահ Ձեր համոզմունքներում: Երկրորդ, որ իմ ժողովրդի մասին նորաստեղծ լեգենդներն օր օրի այնքան են խորանում ձեր երկրում, որ կարծես հավատամք են դառնում, ինչը միայն փաստերով ու առողջ բանավեճով հիմա արդեն ավելի դժվար կլինի փոխել, նույնիսկ շատ հարգարժան տիկնոջը հակառակը հավաստիացնել, չհորինված իրականությունը ցույց տալ: Ես որոշեցի արձագանքել Ձեր հայտարարությանը, արձագանքել որպես հայ մարդ: Վստահ եմ, որ եթե Ձեզ հաջողվի խոսակցության բռնվել մեր ժողովրդին քաջածանոթ ադրբեջանցիների հետ, նրանք անկեղծության պահին Ձեզ անպայման կասեն, թե ինչպիսին է իրականում հայը: Հասկանում եմ, որ դժվար կլինի, բայց փորձե´ք, այնուամենայնիվ, լսել անկեղծ կարծիքներ: Անշուշտ, հետո պրոպագանդան բազում ուրիշ ահասարսուռ «պատմություններ» կհրամցնի Ձեզ, Ձեզ ու բոլորին, բայց, հավատացնում եմ` հոգու խորքից եկող պատմությունները մնայուն են, որովհետև իրական են: Դրանց պետք է ծանոթ լինել», – գրել է Սերժ Սարգսյանը:
Նա նշել է, որ հայերը և ադրբեջանցիները խնդիր ունեն լուծելու, ու այդ խնդիրը նրանք միասին պիտի լուծեն:
«Միասին: Մենք պարտավոր ենք դա անել, որպեսզի այդ բեռը չթողնենք մեր զավակներին: Բայց դա անելու համար մենք նախ պիտի կարողանանք փոխել ոչնչացման մղող հասարակական մթնոլորտը, հրաժարվել այն սնող մեխանիզմներից, մենք պիտի կարողանանք կոտրել միջավայրը, որը բռնություն է ծնում, որը հնարավոր է դարձնում բռնությունը, հանգեցնում երիտասարդ տղաների անդառնալի կորուստների, որտեղ նույնիսկ հնարավոր է մանկան կյանքը կասկածելի պատմություններով դարձնել շահարկումների առարկա` միայն թեկուզ մի ողջ ժողովրդի պիտակավորելու պարզունակ նպատակով: Մենք նրանց բոլորի մայրերին պատասխան ունենք տալու: Միասին: Իսկ նրանց մայրերը մեզնից միայն իրենց զավակներին են ուզում:
Թեև իրականության հետ կապ չունի Ձեր հայտարարությունը, ես, այնուամենայնիվ, որոշեցի արձագանքել դրան: Հուսով եմ, որ Ձեր կողմից հիշատակված մանկասպանության դեպքի անաչառ քննությունից հետո Դուք կկարողանանք մեկ այլ հայտարարությամբ էլ հանդես գալ, որքան էլ դժվար լինի Ձեզ համար», – ասված է Սերժ Սարգսյանի պատասխանի մեջ:
Նշենք, որ ադրբեջանական կողմը պնդում է, որ մարտի սկզբին հայ դիպուկահարի փամփուշտից շփման գծում 9-ամյա երեխա է մահացել, մինչդեռ հայկական կողմը հերքում է մեղադրանքները: