Մարտի 17-ին ժամը 17:30-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի արևելյան (Ասկերանի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում ադրբեջանական կողմից արձակված գնդակից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1991թ. ծնված Ահարոն Արմենի Հայրապետյանը: Դեպքից անմիջապես հետո վիրավորը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 18:59-ին մահացել է: Այս մասին տեղեկացնում է ԼՂ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
«Այն, որ ադրբեջանական բանակի կողմից ձեռնարկված հերթական նախահարձակ գործողությունն իրականացվել է մարտի 5-ին Սոչիի եռակողմ պայմանավորվածության շրջանակում տեղի ունեցած գերիների փոխանակումից ընդամենը մեկ ժամ հետո և, գրեթե նույն պաշտպանական հատվածի դիրքերից մեկում, խոսում է այն մասին, որ ադրբեջանական կողմը ոչ միայն չի հարգում հրադադարի պահպանման ռեժիմը, այլև միտումնավոր կերպով փորձում է շրջանցել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած առաքելություն: Հանգամանք, որը անտարակույս պետք է իր արժանի գնահատականը ստանա ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների կողմից», – ասված է ԼՂ ՊԲ հայտարարության մեջ: