Այսօր Կառավարության շենքի մոտ «ՀԻՄԱ՛» երիտասարդական նախաձեռնությունը ակցիա է կազմակերպել միգրացիոն կենտրոնների դեմ, որն ուղղված էր, առաջին հերթին, Ռուսաստանի կողմից իրականացվող «Հայրենակիցներ» ծրագրի դեմ, որի շրջանակներում հայ ընտանիքներին առաջարկում են տեղափոխվել Ռուսաստան` արտագնա աշխատանքի: Այս մասին Epress.am-ին հայտնել են նախաձեռնության անդամները: Նրանց խոսքով` այդ ծրագիրը նպաստում է երկրի հայաթափման:
«Գաղտնիք չէ, որ Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում ստեղծվել են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հովանու ներքո գործող միգրացիոն կենտրոններ, որոնց մոտ հեռանալ ցանկացող ՀՀ քաղաքացիների հերթեր են գոյանում: Պահանջում ենք կառավարությունից սեփական օրինակով անմիջապես պատրաստել փաստաթղթերն ու դիմել մոտակա միգրացիոն կենտրոն՝ արտագնա աշխատանքի մեկնելու թույլտվություն ստանալու», – նշել են նրանք: