Տիգրան Մեծ փողոցում գտնվող «Ռոսիա» առևտրի կենտրոնի առջև` հասարակական տրանսպորտի համար նախատեսված կանգառի մոտ, այսօր հավաքվել են նույն վայրում կայանող տաքսու վարորդները, ում ճանապարհային ոստիկանության և քաղաքապետարանի աշխատակիցներն արգելում են աշխատել այդ վայրում:
«Հենց հիմա տաքսու համար նախատեսված կայանավայրը դատարկ է, իսկ տաքսիստները համառորեն հասարակական տրանսպորտի կայանատեղում են կայանել: Մենք այս տարածքի համար նախատեսել ենք յուրաքանչյուր կողմում տասական մեքենա: Դրանից ավել այս վայրի համար հատկացնելու հնարավորություն չունենք: Եթե վարորդները համարում են, որ այստեղ 150 մեքենա պիտի կայանի, նրանք սխալվում են,- վարորդների հետ զրույցում ասում էր
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:
Վարորդները, իրենց հերթին, պնդում էին, որ իրենց համար նախատեսված կայանատեղիում կարող է կանգնել առավելագույնը 5 մեքենա.
«Ուզում էին դեղին համար, արեցինք: Ուզում էին լավ մեքենաներ, որ պատվիրատուին հաճելի լինի, արեցինք: Հարկերը վճարում ենք, սոց վճարում ենք, հիմա՞ ինչ են ուզում: Չեք թողնում` մեր հացի փողը վաստակենք, դրա համար արտագաղթ ա լինում»:
– Ձեր հացի փողին ոչ մեկ չի կպնում:
– Մենք ոչ մեկին չենք խանգարում:
– Ուզում եք գնաք հասարակական տրանսպորտի տեղը կանգնե՞ք, չի լինելու:
– Ես գոհ եմ օրինական ճանապարհով իմ հացի փողը վաստակել, բայց մենք քաղաքապետարանից խնդրում ենք, կայանատեղիի նշանը մի քիչ այն կողմ տանել ու վերահաշվարկ իրականացնել էս տարածքի համար, որ մենք տեղ ունենանք կանգնելու, էդ ա մեր խնդրանքը քաղաքապետարանից, որ մենք հանցագործներ կամ չգիտեմ ինչ չդառնանք:
– Ո՞վ ա տեսել սենց բանուկ տեղում 10 տաքսու տեղ հատկացնեն, աշխարհում տենց բան չկա, բանուկ տեղերում 50-60 տաքսի կարա կանգնի: Եթե այդքան թվով տաքսի ա թույլատրվում, Տրանսպորտի նախարարությունը էդքան լիցենզիա ինչի՞ ա վաճառում: Իրա 25000 հազարները վեկալում ա ու ասում ա գնացեք, ինչ ուզում եք արեք:
– Դուրս եկեք ստեղից, սա հասարակական տրասպորտի կանգառ ա, շուտ արեք, դուրս եկեք ստեղից, արագ տեմպով,- Նավասարդյանի ու վարորդների զրույցին միջամտեց ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Հայկազ Մաթևոսյանը:
– Բա ո՞ւր գնանք, սաղ տեղերը առած են, ուր գնում ենք, ասում են էս մեր սերվիսի ավտոների համար ա, հելաք ստեղից, սաղ առած ա:
– Մենք կոնֆլիկտ ենք ունենում, հիմա ո՞ր մեկս պիտի կանգնեք էդ հինգ ավտոյի տեղը: Ժողովուրդ, եկեք իրար ծեծենք, տեսնենք, ով ա կանգնելու:
– Կոնֆլիկտ պետք չի, ով շուտ գա, էն էլ կկանգնի, ինչ ես զոռիդ տալիս:
– Դուք զոռով ասում եք` գնացեք տամոժնուց էն կողմ քշեք, էս հիմար երկրում ի՞նչ անենք, գժի երկիր ա դառել, մարդ չի կարում ապրի: Սաղ սեփականացրած ա, սաղ քաղաքը սեփականացրած ա: Մենք ուրիշ ապրելակերպ չունենք, հիմա էս էլ են ուզում կտրեն, էթանք սոված նստենք, ասում են` գնացեք մեռեք, ոնց որ փողոցային առևտուրը վերացրին, նենց էլ էս են ուզում վերացնեն, ինչի համար են ասում հելեք ռադ էղեք ստեղից, ինչ են ուզում, չենք հասկանում: Սաղի մուռը տաքսու վարորդներից են հանում, հա բե մենք ինչո՞վ ապրենք:
Էս ամեն ինչը նշանակում ա, որ մենք խոսքի իրավունքից զուրկ ենք էս երկրում, բայց եթե ես չկարեցա իմ էրեխուն հաց տանեմ, ես ամեն ինչ կանեմ, ուզում ա քաղաքապետարանն ասի, ուզում ա երկրի նախագահն ասի: Կամ էլ ուզում են գնանք հանցագործություն անենք, գնանք իրանց բանտերը լցնենք: Թող մի քիչ էս ժողովրդի մասին մտածեն, ամեն րոպե հո քարկոծելով չի՞, սրա վերջը ի՞նչ ա լինելու: Պիտի սաղ փոխվի, որ սենց բաներ չլինի, սենց մինչև ե՞րբ ա շարունակվելու:
Նշենք, որ փոխգնդապետ Մաթևոսյանի խոսքով` առաջիկա օրերին չափումներ կիրականացվեն և նշանը առաջ կտարվի: