Միջազգային հանրությունը գլոբալ տաքացման դեմ պայքարի շրջանակներում նպատակ է դրել մինչև 2012թ. Երկիր մոլորակի ցամաքային շերտի 33%-ը դարձնել անտառածածկ: ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ և իրականացվում են միջազգային համաձայնագրեր` «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիան, «Կենսաբազմազանության պահպանության մասին» կոնվենցիան ու «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիան: Այս մասին ասված է Թեղուտի անտառների պաշտպանության խմբի կողմից մարտի 21-ին նշվող անտառների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ տարածած հայտարարության մեջ:
«Չնայած համաշխարհային այս գործընթացներին և այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է վերը նշված կոնվենցիաները, վերջին 20 տարիների ընթացքում երկրի անտառածածկ տարածքը մոտ 12%-ից դարձել է 6-7%: Այն շարունակում է օր-օրի նվազել անօրինական ծառահատումների ու ոչ պատշաճ կառավարման ու վերահսկողության հետևանքով: Հազարավոր հեկտարների հասնող անտառներ հողօգտագործման փաստաթղթերում ներկայացվում են այլ կարգավիճակներով և օգտագործվում այլ նպատակներով: Նման գործընթացների արդյունքում խախտվում են երկրի օրենքները և միջազգային պարտավորությունները», – ասված է հայտարարության մեջ:
Հեղինակները նշում են, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը տնտեսության զարգացման գերակա ոլորտ է հռչակել հանքարդյունաբերությունը` առանց վերլուծելու դրա հետևանքները երկրի կայուն զարգացման ու մրցունակության համատեքստում և առանց ապահովելու համապատասխան բնապահպանական օրենսդրական դաշտ:
«Համաշխարհային բանկի խորհրդատվությամբ մշակված ընդերքի նոր օրենսգրքի նախագիծը ստեղծել է էլ ավելի բարենպաստ պայմաններ հանքարդյունաբերության զարգացման համար` առանց սահմանափակելու անտառներում ու բնության հատուկ պահպանվող տարածքներում ընդերքօգտագործումը և առանց ապահովելու «աղտոտողը վճարում է» սկզբունքի կիրառումը: Հանքարդյունաբերության ծավալումը մեր երկրում հաճախ ընթանում է անտառների հաշվին: Այս գործելաոճը սկսվել է Թեղուտի անտառի անխնա ոչնչացումից և ներկայումս շարունակվում է` ներառելով Կապանի ու Հրազդանի տարածքները: Միայն 2007-2010թթ. Հայաստանի ավելի քան 1600հա անտառային հողերի նպատակային նշանակությունը փոփոխվել է և տարածքը հատկացվել է այլ նպատակների համար: Փոխարենը անտառային ֆոնդին ավելացվել է մոտ 40հա: Համեմատության համար նշենք, որ նույն ժամանակահատվածում ընդերքօգտագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կատարվել է ավելի քան 3100հա հողահատկացում:
Անտառների ոչնչացման արդյունքում մեր երկիրը կարող է վերածվել միլիոնավոր տոննա թունավոր թափոններ պարունակող պոչամբարներով ու գյուղատնտեսության համար անպիտան դարձած հողերով լի, չորացած ջրային աղբյուրներով ու կենդանական ու բուսական աշխարհից զուրկ մի անապատի` ընդամենը մի քանի տասնամյակում հայրենազրկելով երկրի բնակչության մի ստվար զանգված», – նշում են բնապահպանները:
Հայտարարության մեջ նրանք պահանջում են Հայաստանի Հանրապետության կառավարությունից դադարեցնել երկրի բնության ոչնչացումը, ինչը սպասարկում է մի քանի անհատների ու խմբերի շահերը, և ձեռնարկել արմատական քայլեր արգելելու անտառների ոչնչացումը:
«Ընդամենը 30,000 քառ. կմ տարածք ունեցող երկիրը չի կարող մի կողմից զարկ տալ լայնածավալ հանքարդյունաբերությանը, մյուս կողմից` ապահովել առողջ շրջակա միջավայր, անվտանգ գյուղատնտեսություն ու զբոսաշրջություն», – եզրափակում են հայտարարության հեղինակները: