Երեկ Ազգային Ժողովում «Հրապարակ» օրաթերթի լրագրողը ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ զրուցել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին «Արթիկ» ՔԿՀ-ում նամակագրական կապից զրկելու մասին:
-Պարոն Թովմասյան, փաստորեն, գրիչն ու թուղթն էլ են Փաշինյանի ձեռքից խլել: Դուք ի՞նչ եք պատրաստվում անել դրա հետ կապված:
-Ես չգիտեմ` ինչ են խլել: Ինքը չի գրում: Ինքը ասում ա` գրում եմ, տեղ չի հասնում, հիմա Դուք ասում եք` թուղթ ու գրիչն են խլել:
-Այժմ նաև ասվում է, որ թուղթ ու գրիչն էլ են խլել:
-Էդ էլ են խլե՞լ: Չգիտեմ, տեղյակ չեմ էս պահին: Այսօր առավոտվանից էստեղ եմ եղել:
-Բայց դրա մասին գրվել է արդեն, պարոն Թովմասյան, չե՞ք ուզում զբաղվել այդ հարցով:
-Իմ ուզելով չի, իմ պարտականությունն ա դրանով զբաղվելը:
-Բայց փաստորեն չեք զբաղվում:
-Զբաղվում եմ, զբաղվում եմ:
-Ո՞նց եք զբաղվում, երբ այդ մարդը, փաստորեն, չի կարողանում իր իրավունքներն իրացնել:
-Չեմ պատասխանում: Հիմա գլուխս ուրիշ տեղ ա: Էս պահին տեղյակ չեմ, չեմ կարող Ձեր հարցին պատասխանել:
-Բայց արդեն տևական ժամանակ է, որ էդ մասին խոսվում է, որ իր գրածները չեն հասնում տեղ և այլն:
-Ո՞վ ասեց չեն հասնում: Կգաք իմ աշխատասենյակ, ցույց կտամ բոլոր նամակները, թե որոնք են հասել իրա ստորագրությամբ: Ի՞նչ է նշանակում` չեն հասնում:
-Նաև ուշ են տեղ հասնում նամակները:
-Ես փոստի աշխատող չեմ և ես Նիկոլ Փաշինյանի փոստատարը չեմ, որ յուրաքանչյուր դեպքում տեսնեմ` որը հասավ, որը չհասավ:
-Այնուամենայնիվ, չեք կարծո՞ւմ, որ պետք է խմբագրի պահանջը բավարարվի, որ կալանավայրում նա հնարավորություն ունենա նամակներ ուղարկել:
-Էդ իրա իրավունքն ա: Էդ իրավունքը պետք ա իրականացվի: Իմ կարծիքն էստեղ որևէ նշանակություն չունի: Կներեք, էլ չեմ պատասխանի:
-Ինչո՞ւ չի իրականացվում Նիկոլ Փաշինյանի իրավունքը, դա եմ հարցնում:
-Ո՞վ ասեց չի իրականացվում: Գնացեք` թերթերը կարդացեք, ամեն օր գրում ա ինքը:
-Հենց թերթերում է գրում, որ նամակները տեղ չեն հասնում, ու չի իրականացվում իր իրավունքը:
-Էդ դեպքում ինքը քաղաքական գործիչ է: Դուք վստա՞հ եք, որ ինքը գրում է, կալանավայրում եղե՞լ եք: Այսինքն` ինչ թերթում գրում են` վստա՞հ եք, որ ճիշտ է: Էդ թերթում գրում են, որ ես կաշառակեր եմ, էդպես ա՞:
-Այդ մասին ես չեմ կարդացել, ճիշտն ասած:
-Բա գնացեք կարդացեք` սրիկա եմ, անազնիվ եմ, տենց բաներ են գրում: Եթե հավատում եք, էտա, տենց եք, էլ բան չունեմ Ձեզ ասելու: