Հայ Ազգային Կոնգրեսի մարտի 17-ի հանրահավաքը ցույց տվեց, որ ժողովուրդը կրկին գտնվում է սեփական երկրի տեր դառնալու ճանապարհին: Այն նաև ապացուցեց, որ երբ ժողովուրդը ոտքի է կանգնում, հնարավոր է լուրջ խնդիրներ լուծել, ընդ որում` լուծել խաղաղ ճանապարհով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Երբ փողոց է դուրս գալիս հարյուր հազար մարդ, իշխանությունը հասկանում է, որ ուժի կիրառումը հավասար է ինքնասպանության: Կոնգրեսի նպատակն է կարողանալ հզորացնել ժողովրդի ճնշումն այն աստիճանի, որ կարողանանք պարտադրել Սերժ Սարգսյանի հրաժարականը և արտահերթ ընտրությունների անցկացումը: Հայ Ազգային Կոնգրեսը լեգիտիմ ժողովրդավարական իշխանության հաստատման սահուն գործընթացի կողմնակից է, միայն այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել արյունահեղությունից», – հայտարարել է Զուրաբյանը:
ՀԱԿ համակարգողը նշել է, որ ժողովրդի համբերությունը սպառվում է, իսկ օրեցօր վատացող սոցիալական վիճակն ահագնացնում է արմատական գործողությունների պատրաստ մարդկանց թիվը:
Զուրաբյանի խոսքով, իշխանությունները, համարելով Ազատության հրապարակի բացումը մարտավարական զիջում, կարծես, հույս ունեն, որ, ձգձգելով ժողովրդի պահանջների կատարումը, կկարողանան աստիճանաբար հաղթահարել համաժողովրդական ընդվզման ալիքը:
«Դրա մասին է վկայում այն լայնածավալ քարոզչական արշավը, որ նրանք սկսել են անցկացնել պետական և իշխանության ազդեցության տակ գտնվող երևութաբար անկախ լրատվամիջոցներով, ըստ որի իշխանությունների և ընդդիմության միջև իբր սկսվել է երկխոսություն և առճակատման վտանգն այլևս հաղթահարված է»,- ասել է Զուրաբյանը:
Նման կեցվածքը, ըստ Զուրաբյանի, խոսում է իշխանությունների անհեռատեսության մասին:
«Նման մոտեցումն ընդամենը արագացնում է ժողովրդի ցասման օրը: Մենք գնալու ենք այնպիսի երկխոսության, որը ժողովրդի համար է հարցեր լուծում, այլ ոչ թե իշխանությունների: Ուստի, բոլորին կոչ ենք անում սկսել համազգային նախապատրաստություն ապրիլի 8-ի հանրահավաքին, և այդ օրվա հանրահավաքին անելիքների վերաբերյալ առաջարկներով հանդես գալ»,- հայտարարել է Զուրաբյանը: