Հայաստանում ընդդիմությունն այլևս միավորված է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Բոլոր այն ուժերը, որոնք գտնում են, որ Սերժ Սարգսյանի ռեժիմը պետք է հեռանա և պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ, արդեն միավորված են: Բոլոր նրանք, ովքեր նույնպես դա կընդունեն, նրանց համար էլ դուռը բացված է: 3 տարի առաջ միայն ՀԱԿ-ն էր այս կարծիքի, հիմա արդեն դրա մասին խոսում է Կարապետիչը, դրա մասին խոսւմ է «Ժառագությունը», խոսում են այլ ուժեր, սա լուրջ արդյունք է: Միավորված է մի նպատակի շուրջ` Սերժ Սարգսյանի ռեժիմի, բռնապետական ռեժիմի հեռացման շուրջ: Պայքարի մեթոդները տարբեր են ընտրված. մի ուժը պայքարում է 100000-անոց հանրահավաքով, մի ուժը` ծոմապահությամբ, մի ուժը` կարմիր քարտ ցույց տալով: Ես որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասել է Զուրաբյանը:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է ինքը մեկնաբանում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հացադուլը, վերջինս ասել է, որ ինքը միայն տեսական բացատրություն կարող է տալ:
«Ես կարող եմ միայն տեսականորեն բացատրել, եթե մեկը ցանկանում է, որ իր ակցիան ընկալվի որպես քաղաքական ակցիա, պետք է մոգական բառեր արտասանել` այս է իմ քաղաքական պահանջը, եթե չկատարվի այդ պահանջը, չի դադարեցվի հացադուլը: Իսկ մնացած հարցերին, կարծում եմ, ՀՀ առաջին նախագահը տվել է սպառիչ պատասխան, ես ավելացնելու որևէ բան չունեմ»,- հավելել է Զուրաբյանը: