Home / Հայաստան / Րաֆֆի Հովհաննիսյանը Տիգրան Կարապետյանին հրապուրում է որպես անձ

Րաֆֆի Հովհաննիսյանը Տիգրան Կարապետյանին հրապուրում է որպես անձ

Ժողովրդական կուսակցության (ԺԿ) նախագահ Տիգրան Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ծոմի ժամանակ կան ուտեստներ, որոնք կարելի է ընդունել:

«Դա հացադուլ է, ծոմ չէ»,- հայտարարել է Կարապետյանը` խոսելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Ազատության հրապարակում իրականացվող «Ծոմ ազատության» հացադուլ-ակցիայի մասին:

«Հիմա ինձ հրապուրում է Րաֆֆի Հովհաննիսյանը որպես անձ: Տղամարդկային, խիզախության առումով նրա այդ քայլն արդարացնում է իրեն»,- ընդգծել է Կարապետյանը` նշելով, որ «Ժառանգություն» կուսակցության պատգամավորական խմբակցությունը չկայացավ:

Epress.am-ի այն հարցին, թե մարտի 21-ին Կարապետյանի` Րաֆֆի Հովհաննիսյանին այցելելուց և զորակցելուց հետո «Ժառանգության» հետ այլ ձևաչափով համագործակցության վերաբերյալ հանդիպումներ եղել են, Տիգրան Կարապետյանն ասել է, որ այդ ակնկալիքով չէ, որ ինքը գնացել է զորակցելու Րաֆֆի Հովհաննիսյանին:

Մեր այն դիտարկմանը, որ Ազատության հրապարակում հնչեցրած իր ելույթում Տիգրան Կարապետյանը կոչ էր արել «միասին շարժվել առաջ», ԺԿ առաջնորդը պատասխանել է. «Այո, ես ասել եմ, որ բոլոր հայրենասիրական ուժերը պետք է միավորվեն և այդ գործընթացն արդեն ընթացքի մեջ է»: