Կառավարությունների հաշվետվողականությունը շատ կարևոր է երկրների համար, սակայն հաշվետվողականությունը չի նշանակում, որ ցանկացած ոք, երկրի յուրաքանչյուր քաղաքացի պետք է համաձայնի այն ամենի հետ, ինչ արվում է կառավարության կողմից: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը:
«Ես կարծում եմ, որ աշխարհի բոլոր երկրներում էլ, երբ մարդիկ ինչ-որ որոշման հետ համաձայն չեն` լինի դա դատարանի, ոստիկանի որոշում, մարդիկ հակված են ասել, որ կառավարությունը հաշվետու չէ: Հաճախ դա ճիշտ է, երբեմն էլ դա կարող է նշանակել, որ այդ քաղաքական ուժը պարտվել է այդ քաղաքական բանավեճում: Եվ ի վերջո, ամեն մի երկրի ժողովուրդ ինքը պետք է որոշի` արդյոք իր կառավարությունը աշխատում է հաշվետու ձևով և արդյոք հաշվետու կերպով է առաջ ընթանում երկիրը»,- մասնավորեցրել է Մարի Յովանովիչը:
Անդրադառնալով Հայաստանում քաղբանտակյլաների խնդրին` ԱՄՆ դեսպանն ասել է, որ իրենք ողջունում են համաներումը, որ տեղի է ունեցել մեկ ու կես տարի առաջ.
«Մենք նաև ողջունում ենք վերջերս անազատության մեջ գտնվողների ազատ արձակումը, և մենք խրախուսում են, որպեսզի այդ գործընթացը շարունակվի»:
Յովանովիչը նաև խոսել է Հայաստանում ընդդիմության և իշխանության վերջին շրջանի գործողությունների մասին:
«Ես էլ կարդում եմ այն նույն հրապարակումները, որ դուք եք պատրաստում, դրանք շատ բազմազան են, բայց մենք կարծում ենք, որ եթե Հայաստանում ներքին քաղաքական գործընթացներում լարվածությունն ավելի է քչանում, մենք միայն ջերմորեն ողջունում ենք դա»,- ասել է դեսպանը:
Նա նշել է, որ լրագողներից սպասում էր իր` Երևանի Պետական համալսարանում ունեցած ելույթի վերաբերյալ հարցադրումներ, այդ իսկ պատճառով իր հետ բերել էր իր ելույթի տեքստը և խորհուրդ է տվել ընթերցել այն:
«Մենք հավատացած ենք, որ ոչ մի կառավարություն առանց քաղաքացիների մասնակցության չի կարող խնդիրների լուծում ապահովել: Իմ ելույթի վերջում ես նշել եմ, որ մարդիկ չպետք է ուղղակի նստեն ու միայն բողոքեն, անհրաժեշտ է, որ ոչ միայն կառավարությունը ժողովրդի առջև հաշվետու լինի, այլ նաև ժողովուրդն ինքը իրեն պարտավորված զգա որոշակի քայլեր կատարելու»,- իր նախկին ելույթից հատված է մեջբերել Յովանովիչը: