Home / Հայաստան / Արոնյանն ուժեղագույնն է կույր շախմատում. ընդհանուր հաշվարկում հաղթանակը մոտ է

Արոնյանն ուժեղագույնն է կույր շախմատում. ընդհանուր հաշվարկում հաղթանակը մոտ է

Հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը Մոնակոյում անցնող կույր և արագ շախմատի «Ամբեր» մրցաշարում երեկ պարտության մատնեց բուլղարացի Վեսելին Տոպալովին 1,5:0,5 հաշվով: Արոնյանը կրկին հաջող հանդես եկավ կույր շախմատում` մրցակցին հաղթելով սևերով, իսկ ահա արագ շախմատի պարտիայում ոչ-ոքի գրանցվեց: Կույր շախմատային պարտիայում հաղթանակը հնարավորություն տվեց Արոնյանին մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ հաղթող ճանաչվել այս անվանակարգում, քանի որ նա արդեն 2 միավորով առաջ է անցել հնդկաստանցի Վիշվանաթան Անանդից:

Ինչ վերաբերում է արագ շախմատին, ապա այս անվանակարգում հաղթողը նույնպես հայտնի է. Մագնուս Կառլսենը 2 միավորով առաջ է անցել Լևոն Արոնյանից և անհասանելի է դարձել:

Ընդհանուր հաշվարկում հայաստանցի գրոսմաստերը հավաքել է 14,5 միավոր և մեկ միավորով առաջ է անցել Կառլսենից: Այսօր մրցաշարի եզրափակիչ տուրն է. Արոնյանը մրցելու է ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի, իսկ Կառլսենը` իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ: