Վրաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին հարձակվող Գեորգի Դեմետրաձեն Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից 6 տարվա ազատազրկման է դատապարտվել:
Դեմետրաձեն ձերբակալվել էր անցյալ տարի ապօրինի խաղադրույքների և հանցագործ աշխարհի հետ կապ ունենալու մեղադրանքով:
Վրաստանի Ներքին Գործերի Նախարարության տվյալների համաձայն, Դեմետրաձեն և նրա երկու գործընկերները, որոնք նույնպես կալանքի տակ են գտնվում, համագործակցելով քրեական աշխարհի հեղինակություն Վատո Կիպիանիի հետ, գումարներ էին կորզում խաղադրույքներ կատարողներից:
Հարցը վերաբերում է 2010-ի աշխարհի ֆուտբոլի առաջնության խաղերի ընթացքում շահած գումարներին:
Դեմետրաձեն մեղավոր է ճանաչվել Վրաստանի քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի համաձայն`«անդամակցություն քրեական աշխարհին»: Դատարանը վճռել է նաև զրկել նրան սեփականությունից և առգրավել խուզարկման ընթացքում հայտնաբերված 30 հազար ԱՄՆ դոլարը:
Դեմետրաձեի փաստաբանը մտադիր է բողոքարկել վճիռը վերաքննիչ դատարանում:
Դեմետրաձեն խաղացել է Հոլանդիայի «Ֆեյենորդ» ակումբում, իսպանական «Ռեալ Սոսյեդադում», հանդես է եկել Կիևի «Դինամոյում», Կիևի «Արսենալում» և Դոնեցկի «Մետալուրգում»: Կարիերայի լավագույն տարիներն անցկացրել է Վլադիկավկազի «Ալանիայում»: 1999 թվականին ճանաչվել է Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկու: Նա նաև խաղացել է «Բաքու» ակումբում 2008 թվականին, սակայն լքել է թիմը 2009-ին: Վերադառնալով հայրենիք` Դեմետրաձեն կարճ ժամանակահատված խաղացել է «Սպարտակ-Ցխինվալի»-ի կազմում: Հավաքականի կազմում Դեմետրաձեն 56 հանդիպում է անցկացրել և 12 գոլ խփել: