Առանց քաղաքական պահանջի Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը զարմացրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին:
«Միայն 8-րդ օրը հրապարակ եկան 15 կետեր, որոնց պահանջները դարձյալ ադեկվատ չեն քաղաքական բառապաշարին», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը`խոսելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի մասին:
Սուրենյանցի խոսքով` Րաֆֆի Հովհաննիսյանի նման ծայրահեղ քայլը քաղաքական առումով ոչ ադեկվատ է:
«Բայց բարոյական և մարդկային առումով ես իմ զորակցությունն եմ հայտնում նրան»,- ասել է բանախոսը:
Վերջինս նաև անդրադարձել է մամուլում լայն արձագանք ստացած թեմաներից մեկին` ինչու Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 17-ին չի բարևել Րաֆֆի Հովհաննիսյանին:
Սուրենյանցը նշել է, որ ցավում է, որ իր կողմից ամենասիրված քաղաքական գործիչ Լևոն Տեր-Պետրոսյանը չի ողջունել Րաֆֆի Հովհաննիսյանին և իր այդ քայլը բացատրել է քրիստոնեության ընկալման տեսանկյունից:
Սուրենյանցը նշել է, որ այդ երկու քաղաքական գործիչները «պետք է մի կողմ թողնեն հոգևոր հռետորիկան»:
Պատասխանելով նաև լրագրողի այն հարցին, թե արդյոք «Ժառանգության»` մարտին սկսված ակտիվությունը PR-ի նպատակ ունի, և դրանով կուսակցությունը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների, Սուրենյանցը նշել է.
«Չեմ կարծում, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այնքան մակերեսային մտածողություն ունի, որ այս հացադուլի միջոցով ուզում է սոսկ խորհրդարանական մանդատների հարց լուծել»:
Քաղաքագետի խոսքով` Հովհաննիսյանի այդ քայլը կարող է իրեն ավելի շատ վնասել, քան օգուտ տալ: