«Եթե ֆունկցիոնալ առումով 100 տոկոսով պատրաստ չենք, ապա պետք է օգտագործենք մարտական ոգին, այնպես որ 90 րոպե խաղալ կարծում եմ կարող ենք», այս մասին այսօր`մարտի 25-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Վարդան Մինասյանը նշեց, որ բոլոր 21 թեկնածուները պատրաստ են հանդիպմանը, միաժամանակ հավելեց, որ դեռ չի ընտրել այն 18 ֆուտբոլիստներին, ովքեր հայտավորվելու են խաղին:
«Մարտի 22-ին սկսեցինք նախապատրաստական փուլը, սակայն վերջին պահին “Բանանց” ակումբից տեղեկացանք, որ Արարատ Առաքելյանը վնասվածք է ստացել և չի կարող խաղալ: Այս պահին 21 թեկնածուները պատրաստ են խաղին` թե ֆունկցիոնալ և թե հոգեբանական առումներով: Հայաստանի ու Ռուսաստանի հավաքականների Ֆուտբոլիստները ֆունկցիոնալ առումով հավասար վիճակում են»:
Մինասյանը նշել է նաև, որ Առաքելյանի բացը կարող են լրացնել Արթուր Յուսպաշյանը և Վալերի Ալեքսանյանը: Ինչ վերաբերում է Յուրա Մովսիսյանին, ըստ Մինասյանի, նա կարող է մասնակցել ողջ հանդիպմանը:
«Ես կողմնորոշվել եմ հիմնական կազմի ընտրության հարցում, բացի մի դիրքից, որը մարզչական շտաբում քննարկումից հետո պարզ կլինի: Այդ պատճառով չեմ կարող ասել հիմա Պաչաջյանը կխաղա, թե ոչ: Մեր առաջնային խնդիրը լավ ֆուտբոլ ցուցադրելն է: Նշանակություն չունի, խաղն անցնում է սեփական հարկի տակ, թե հակառակորդի դաշտում: Դա կարևոր է միայն ստրատեգիական առումով, այն էլ գավաթային հանդիպումների ժամանակ: Եթե թիմը կարգով բարձր է, մարզադաշտի աուրան չպիտի ազդի խաղի վրա, բայց, ինչ խոսք, Հայաստանի հավաքականին վաղվա աջակցությունը մեծ օգուտ կտա»,-ասել է Մինասյանը:
Նա նաև ընդգծել է. «Ես Հայաստանի նախագահի կողմից խաղ հաղթելու խնդիր չեմ ստացել: Ես ունեմ միայն մի խնդիր` շարունակել այն, ինչ անում էին անցյալ տարի: Կարևորը, բարձրորակ խաղ ցուցադրելն է, իսկ խաղի որակից կախված է նաև արդյունքը»:
Հայաստանի հավաքականի մարզիչը նշեց նաև, որ ծանոթացել է ռուսների խաղին` դիտելով վերջին երկու ընկերական հանդիպումները:
«Ես նայել եմ Ռուսաստանի հավաքականի երկու ընկերական խաղերը Իրանի և Բելգիայի հավաքականների դեմ: Լուրջ չեմ վերաբերվում այդ խաղերին, որովհետև այդպիսի հանդիպումներում մոտիվացիան ուրիշ է: Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ Ռուսաստանը ֆավորիտ է: Սակայն, եթե ռուսաստանցիները այդպես են համարում, կարծում եմ նորմալ է»:
Վերջում Մինասյանը նշեց, որ «Հանրապետական» մարզադաշտի խոտածածկի որակը արտակարգ է, և երկու թիմերի համար էլ հարմար կլինի խաղալ: