ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանի քրեական գործի շրջանակներում Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը որպես վկա երկու օր առաջ հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է ինքը` Նազարյանը:
«Վկայի կարգավիճակով ինձ լսել են, ինչ բացատրություն պետք է, ես տվել եմ, իսկ ինչո՞ւ չպետք է տամ բացատրություն»:
Նա հավելել է, որ այլ մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ գործի քննությունը դեռ շարունակվում է, սակայն «միանշանակ» նշել է, որ ինքը` Երևանի ոստիկանության պետը, որևէ առնչություն չունի այդ գործի հետ:
«Ես ձեզ պաշտոնապես ուզում եմ ասել, որ դուք իմանաք: Ես նման դեպքի հետ կապ չեմ կարող ունենալ: Իսկ մեղավորները պետք է պատժվեն, և այս դեպքի շրջանակներում բոլորը հասկացան, որ ոչ մեկին ներում չի լինելու, այդ թվում ես էլ եմ հասկացել, այդ թվում մեր աշխատողներն էլ»,- ասել է ոստիկանապետը:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը փետրվարի 23-ին միջնորդագիր է ներկայացրել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հոհվաննես Թամամյանի և ոստիկանության` Արաբկիրի բաժնի պետ Վ.Ադամյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության վերաբերյալ:
Երեկ ավարտվել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հոհվաննես Թամամյանի գործով դատավարությունը: Նրա նկատմամբ որոշվել է կիրառել 2 ամսվա նախնական կալանք: