Մայրաքաղաքում հասարակական կարգը վերահսկելու համար Երևանի ոստիկանությունը պատրաստվում է մինչև հունիս և հուլիս ամիսները մայրաքաղաքի մոտ 10 հատվածներում` Ազատության հրապարակում, Մատենադարանի հարակից տարածքում, Շառլ Ազնավուրի հրապարակում, ֆրանսիական հրապարակում, Սախարովի հրապարակում, Գարեգին Նժդեհի հրապարակում, Հանրապետության հրապարակում, մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում և այլ վայրերում տեսախցիկներ տեղադրել, որոնք 24 ժամ շարունակ տեսանկարահանելու են քաղաքի նշված հատվածները: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը:
«Հիմնականում ընտրված է կենտրոն համայնքը, որտեղ, ինչպես գիտենք, ավելի շատ են լինում հանցագործություններ: Այս տեսախցիկները մեզ շատ են օգնելու: Երբ միջոցառումների ժամանակ միջադեպեր են լինում ոստիկանության և հասարակության միջև, ոստիկաննությունն ասում է` իրենք են ճիշտ, մարդիկ ասում են` իրենք են ճիշտ: Այս պարագայում տեսախցիկները մեզ կտան ամբողջական և ճշգրիտ պատկերը»,- ասել է ոստիկանապետը:
Նա նշել է, որ տեսահսկման այս միջոցառումների կիրառման արդյունքում փողոցներում հասարակական կարգը վերահսկող ոստիկանության ներկայացուցիչների թիվը կնվազի: Նա նշել է, որ այժմ մայրաքաղաքի կենտրոնում ոստիկանական մեծ ուժեր են կուտակված, իսկ տեսախցիկները թույլ կտան նրանց թիվը պակասեցնել:
«Դա զգոնություն կապահովի, մարդիկ կիմանան, որ նկարահանվում է ամեն ինչ», նշել է ոստիկանապետը:
Epress.am-ի այն հարցին, թե արդյոք եվրոպական չափանիշների համաձայն ցուցանակներ լինելու են տեսանկարահանվող տարածքներում, որոնք կհուշեն տվյալ հատվածի վերահսկման մասին, Ներսես Նազարյանը խոստովանել է, որ ծանոթ չէ այդ կանոններին, սակայն միաժամանակ խոստացել է համապատասխան առաջարկով հանդես գալ: