Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն երկրի իշխանություններին կոչ է արել անհապաղ բանակցություններ սկսել Հայաստանի հետ Մեծամորի ԱԷԿ-ի վերաբեյալ: Հայաստանյան ԱԷԿ-ի մասին տեղեկությունները «անհանգստության տեղիք են տալիս»,- «Ասավալ-Դասավալի» պարբերականի հետ զրույցում հայտարարել է նախկին նախագահը:
«Ինչպես պարզվել է, հայկական ԱԷԿ-ն անմխիթար վիճակում է: Այնտեղ անվտանգության ոչ մի երաշխիք չկա, ինչը սպառնում է ողջ տարածաշրջանին»,-ասել է նա:
Շևարնդաձեն կարծում է, որ նման պայմաններում Վրաստանի իշխանությունները պարզապես «պարտավոր են բանակցություններ սկսել Հայաստանի հետ և անել ամեն ինչ ողբերգությունից խուսափելու համար»:
1976 թվականին շահագործման հանձնված Մեծամորի ԱԷԿ-ը տեղակայված է սեյսմիկ առումով ակտիվ տարածաշրջանում: 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո հայկական իշխանությունները որոշեցին փակել ատոմակայանը, սակայն տնտեսական խնդիրները ստիպեցին երկրի ղեկավարությանը վերսկսել ԱԷԿ-ի աշխատանքները: