Հայաստանի մայրաքաղաքում տրանսպորտի հետ կապված խնդիրներ շատ կան, «Эхо Москвы» ռադիոկայանի հետ զրույցում խոստովանել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
Քաղաքի ռիթմը «մեգապոլիսներին հարիր» կերպով կազմակերպելու համար, Երևանի քաղաքապետը մտադիր է լուծել հասարակական տրանսպորտի հետ կապված խնդիրները: «Երթուղային տաքսիներից կանցնենք միջին չափի և մեծ ավտոբուսների: Երկրորդ հերթին, պետք է սահմանափակենք միջքաղաքային ավտոբուսների մուտքը Երևան, քանի որ շատերը A կետից դեպի Երևան քաղաքացիներին տեղափոխելու գործառույթից բացի, մտնում են քաղաք և ծանրաբեռնում են երթևեկությունը»,- ընդգծել է Կարապետյանը:
«Երրորդ հերթին, մենք կանցնենք վճարման միասնական համակարգի (հավանական է, որ դա շատ շուտ չլինի): Այդպիսով, տրանսպորտի ղեկավարման միասնական համակարգ լինի, որտեղ ֆինանսական հոսքերը ղեկավարող օպերատորը վճարի փոխադրողին իր կատարած աշխատանքի համար:
Ճանապարհների կառուցումը բավական խնդրահարույց է, որովհետև բիզնեսի տեսանկյունից այն շահավետ չի: Իսկ տրանսպորտը շահավետ է: Եթե մենք խաղի կանոնները հստակ ներկայացնենք, ես ավելի քան վստահ եմ, որ բիզնեսը սեփական ավտոբուսով կգա, և կսկսի ղեկավարել: Երբ քիչ թե շատ տրանսպորտային ընդհանուր ցանցը հասկանալի լինի, այն ժամանակ էլ հասկանալի կլինի ֆինանսական հոսքերի միասնական համակարգը»,- հայտարարել է Կարապետյանը: