Home / Հայաստան / Ռուսաստանցի լրագրողը Երևանի քաղաքապետին հիշեցրել է Գագիկ Բեգլարյանի մասին

Ռուսաստանցի լրագրողը Երևանի քաղաքապետին հիշեցրել է Գագիկ Բեգլարյանի մասին

Ի՞նչ հարաբերություններ ունեք նախագահի արարողակարգի ղեկավարի հետ, այս հարցով  «Эхо Москвы» ռադիոկայանի եթերում Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին է դիմել ռադիոկայանի թղթակից Տատյանա Ֆելենգաուերը:

Կարապետյան- Իսկ դա ի՞նչ կապ ունի (ծիծաղում է):

Լրագրող- Դե, Երևանի քաղաքապետի համար դա հաճախ կարող է ճակատագրական լինել:

Կարապետյան – Ճիշտն ասած, երբեք չեմ մտածել այդ ուղղությամբ: Դե շատ նորմալ աշխատանքային հարաբերություններ են: Իսկ այն, որ նախագահի արարողակարգի ղեկավարի հետ հարաբերություններն ինչ-որ կերպ ազդում են Երևանի քաղաքապետի վրա, վստահ չեմ:

Լրագրող – Դե, եթե հիշենք ձեզ նախորդող քաղաքապետին, ապա կարող ենք եզրակացնել, որ ազդում են (բոլորը ծիծաղում են):

Կարապետյան – Անկեղծ ասած, ես անգամ չհասկացա` որն է ձեր հարցի ենթատեքստը:

Հիշեցնենք, որ 2010 թվականի դեկտեմբերի 3-ին Երևանում կայացած Պլասիդո Դոմինգոյի համերգի ընթացքում միջադեպ էր տեղի ունեցել, որից հետո Երևանի  քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ստիպված էր եղել հրաժարական տալ: Համերգից առաջ նախագահի արարողակարգի աշխատակից Արամ Կանդայանը քաղաքապետի տիկնոջը խնդրել էր փոխել զբաղեցրած աթոռը, քանի որ արարողակարգի համաձայն, այնտեղ կարող է նստել միայն կաթողիկոսն ու ԱԺ խոսնակը: Քաղաքապետի կինը բողոքել էր ամուսնուն և վերջինս ծեծի էր ենթարկել Կանդայանին: