Սերժ Սարգսյանը արձանագրում է, որ ճահճացում կարող է լինել, Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է` կա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը:
Հանդիպմանը մասնակից ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն ի պատասխան նշել է, որ շատ ուրախ է, որ «Ժառանգություն» կուսակցությունը ուշադիր է Սերժ Սարգսյանի ելույթների հանդեպ:
«Մի այսպիսի խոսք եմ ուզում մեջբերել Րաֆֆի Հովհաննիսյանից, որ եթե ոչ քաղաքական, ապա հասարակական գիտակցության և հոգու մեջ մենք ակնկալում ենք փոփոխություններ: Բայց ամեն ինչ գցել մեկ մարդու վրա` նախագահի, ամեն ինչ պահանջել մեկից… այն դեպքում, երբ մենք հասարակությունում լուրջ պրոբլեմներ ունենք, չենք կարողանում համախմբվել, իրար օգնել, չենք կարողանում սատարել, գնում ենք սև ու սպիտակի, բացառելու, ոչնչացնելու ճանապարհով, որը մեզ ոչինչ չի տալու»,- ասել է Կարինե Աճեմյանը:
ՀՀԿ-ական պատգամավորը կարծիք է հայտնել է, որ Հովհաննիսյանը վերջապես պիտի սկսի լսել բոլոր այն մարդկանց հորդորները, ովքեր եղան իր մոտ: Աճեմյանի խոսքով` հացադուլը ծայրահեղ միջոց է ծայրահեղ իրադարձություններին արձագանքելու համար և ինքը չի կարծում, որ մեր երկիրը անդունդի եզրին է, ինչպես ներկայացնում են:
Ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավորին` Անահիտ Բախշյանը դարձյալ հիշեցրել է Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածը, որում «ՀՀ նախագահը նշել էր, որ երկիրն արտակարգ իրավիճակում է»:
Կարինե Աճեմյանը նշել է, որ չի կարելի այն խնդիրները, որ եղել են 19 տարվա մեջ բարդել երկու տարի ղեկավարած մարդու վրա:
Անահիտ Բախշյանը կրկին հակադարձել է գործընկերոջը.
«Դա կապ չունի, հենց Րաֆֆի Հովհաննիսյանը երեք նախագահներին էլ փայ է հանել և հայտարարել է, որ մինչև այս եռանկյունուց պետությունը, հասարակությունը դուրս չգան, չենք կարողանա հաջողության հասնել»:
Բանավեճի ընթացքում Աճեմյանը, խոսելով «Ժառանգություն» կուսակցության ԱԺ վերադառնալու մասին («Ժառանգությունը» բոյկոտել է վերջին երկու ԱԺ քառօրյաները – Epress.am), ասել է, որ նրանց վստահվել է ամբիոն ու մանդատներ և նրանց ձայնը լսելի է:
Այս առնչությամբ Անահիտ Բախշյանը հիշեցրել է, որ 4 տարվա մեջ «Ժառանգության» ներակայացրած ընդամենը մեկ նախագիծ է օրենք դարձել և դա պատգամավորների օգնականի մասին օրենքն է:
Այնուամենայնիվ, Աճեմյանը հույս է հայտնել, որ «Ժառանգությունը» հաջորդ քառոօրյաին կմասնակցի: