Home / Հայաստան / Հոլոքոստի կենտրոնում Հայոց Ցեղասպանության մասին ցուցահանդես են ներկայացրել

Հոլոքոստի կենտրոնում Հայոց Ցեղասպանության մասին ցուցահանդես են ներկայացրել

ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Հոլոքոստի հուշահամալիր-կենտրոնում մարտի 27-ից բացվել է «Պարսամյան. 20 տարի պատասխաններ որոնելիս» անունը կրող ցուցահանդեսը, որը նվիրված է Հայոց Ցեղասպանությանը:

Ցուցահանդեսում ներկայացված են Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում բնակվող հայազգի արվեստագետ Ռոբերտ Պարսամյանի (լուսանկարում) աշխատանքները: Ինչպես հաղորդում է AP գործակալությունը, արվեստագետը ցուցահանդեսին ներկայացված  աշխատանքները ստեղծելիս` ոգեշնչվել է իր տատիկի հիշողություններով, ով 1915 թվականի ողբերգական իրադարձությունները վերապրածներից մեկն է եղել: Պարսամյանի խոսքով` իր մանկության ընթացքում տատը պատմել է իրեն Օսմանյան Թուրքիայում իրականացված ջարդերի, փախստականների ծանր զրկանքների մասին, և նախորդ դարի 80-ականներից ինքը որոշել է Հայոց Ցեղասպանության թեմային անդրադառնալ արվեստի միջոցով:

«Այս ցուցահանդեսը զարմացնելու է, կրթելու է մարդկանց, առաջացնելու է այցելուների հետաքրքրությունն ու կարեկցանքը: Հոլոքոստի հուշահամալիր-կենտրոնում մենք հասկանում ենք, որ բոլոր մասսայական ջարդերից մարդկությունը դասեր պետք է քաղի», – ցուցահանդեսի բացման ժամանակ հայտարարել է Հոլոքոստի հուշահամալիր-կենտրոնի տնօրեն Ստիվեն Գոլդմենը:

Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև հուլիսի 10-ը: