«Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը մարտի 28-ին Երևանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկումներ` 2011թ. ապրիլի 14-ին, 15-ին և 16-ին ժամը 16.00-22.00-ն (մոտավոր) Երևան քաղաքի Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառում (հանրահավաք) և Ազատության հրապարակ – Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց – Հանրապետության հրապարակ – Նալբանդյան փողոց – Հ. Թումանյան փողոց – Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու մասին:
Այսօր Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշումներով արգելվել է հանրահավաքների անցկացումը նշված վայրում: Քաղաքապետարանը որպես պատճառաբանություն նշել է. «Կուսակցության կողմից նախատեսված հանրահավաքների օրերին՝ ս/թ. ապրիլի 14-ին, 15-ին, 16-ին, և դրանց հաջորդող օրերին ևս Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնք բացառում են տվյալ միջոցառման անցկացումը»: Միաժամանակ Երևանի քաղաքապետարանը առաջարկել է նախատեսվող հանրահավաքներն անցկացնել իրազեկումների մեջ նշված օրերին և ժամերին` Մատենադարանի հարակից տարածքում, իսկ երթերի անցկացումն ընդունվել է ի գիտություն։