Մարտի 28-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռուստատեսային ելույթի ժամանակ պարզաբանել է` ինչ նպատակներ է հետապնդում ԱՄՆ-ն Լիբիայի ռազմական գործողություններին մասնակցելով:
Ելույթի ընթացքում Օբաման նշել է, որ ինքը հրաժարվում է լինել այն նախագահը, ով սպասում է քաղաքացիների ջարդի տեսարանների` նախքան հստակ գործողություններ ձեռնարկելը:
Օբաման ասել է, որ սեղմ ժամկետներում կոալիցիայի ռազմական գործողությունները կասեցրել են Քադաֆիի կողմից իրականացվող ջարդերը, որը կարող էր սասանել կայունությունը ողջ տարածաշրջանում:
«Որոշ ազգեր կարող են աչք փակել մեկ այլ երկրում տեղի ունեցող դաժանությունների վրա: ԱՄՆ-ն այլ երկիր է»,- ասել է Օբաման:
Նա ընդգծել է, որ նման պայմաններում հստակ գործողություններ չձեռնարկելը կնշանակեր` «դավաճանել ինքներս մեզ»:
«Մենք կպաշտպանենք ընդդիմությանը և կաշխատենք այլ ազգերի հետ` մոտեցնելու համար այն օրը, երբ Քադաֆին հրաժարական կտա», – նշել է ԱՄՆ նախագահը:
Նա հավելել է, սակայն, որ Քադաֆիի պաշտոնանկությունը մեկ օրում չի լինի` միաժամանակ հիշեցնելով, որ Իրաքում գործող ռեժիմի փոփոխումը 8 տարի տևեց և հազարավոր կյանքեր խլեց:
«Մենք չենք կարող թույլ տալ նույն սցենարի կրկնումը Լիբիայում»,-հայտարարել է Օբաման:
Այդուհանդերձ, նա նշել է, որ առավել մեծ չափերի միջազգային միջամտությունը «սխալ քայլ կլիներ»:
ԱՄՆ նախագահի խոսքով` Լիբիայում իրականացվող գործողությունների ողջ վերահսկողությունը մարտի 30-ին ԱՄՆ-ն կփոխանցի ՆԱՏՕ-ին: