Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն երեկ լրագրողների հետ զրույցի ժամանակ հաստատել է, որ հայազգի Տարոն Աջեմօղլուին առաջարկվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունում (OECD) Թուրքիայի դեսպանի պաշտոնը: Նշենք, որ կազմակերպության գրասենյակը գտնվում է Փարիզում: Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները գրել էին, որ հայազգի տնտեսագետին նման պաշտոն կառաջարկվի` չնշելով, սակայն, թե ով է կոնկրետ այդ տնտեսագետը:
Լրագրողները հարց են ուղղել Դավութօղլուին, թե արդյոք հայազգի տնտեսագետը կարող է նշանակվել այդ պաշտոնին, ինչին Թուրքիայի ԱԳ ղեկավարը պատասխանել է. «Խտրականություն կլինի գնահատել Թուրքիայի քաղաքացուն, համաձայն կրոնական կամ ազգային պատկանելության: Այս առումով մեզ համար հիմնական պայմանը Թուրքիայի քաղաքացու արհեստավարժությունն է և գիտելիքները»:
Դավութօղլուն նաև նշել է, որ զրուցել է Աջեմօղլուի հետ այս կապակցությամբ, ով ասել է, որ իր համար մեծ պատիվ է նման առաջարկ ստանալ, սակայն տնտեսագետը որոշել է ավելի ուշ պատասխան տալ` կապված իր ակադեմիական գործունեության մեջ ներկայիս ծանրաբեռնվածության հետ:
Նշենք, որ Տարոն Աջեմօղլուն IDEAS/RePec տնտեսագիտական վերլուծական կազմակերպության կողմից հրապարակված տվյալների համաձայն, աշխարհում ամենից հաճախ վկայակոչվող 20 տնտեսագետների շարքում է՝ զբաղեցնելով 7-րդ տեղը: