Լեռնային Ղարաբաղի հարցում հստակ առաջխաղացում է նկատվում, հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը Կովկաս կատարած իր այցելությունից հետո, հաղորդում է 1news.az-ը`հղում կատարելով DELFI-ն:
Աժուբալիսի խոսքով` Վրաստան, Ադրբեջան և Հայաստան կատարած այցելությունները «դաշտային» բնույթ էին կրում, ինչը թույլ է տվել իրեն տեղեկություններ հավաքել, գնահատել դրական առաջխաղացման հնարավորությունները, և տեղում հանդիպել ՄԽ-ի համանախագահների հետ:
«Եթե դիտարկենք, թե ամեն մի երկրում ինչպես են զարգանում իրադարձությունները, կարելի է ժողովրդավարության և բարեփոխումների ուղղությամբ կատարվող որոշակի դրական առաջխաղացում նկատել: Տարբեր արագությամբ և տարբեր բարդություններով, բայց դրական քայլեր նկատվում են յուրաքանչյուր երկրում: Գործընթացներն ավելի արագ կարող էին զարգանալ, եթե լարվածության օջախներ և սառեցված հակամարտություններ չլինեին: Եթե վերցնենք Լեռնային Ղարաբաղի հարցը, անձամբ ես, համոզվեցի, որ Սոչիի հանդիպումից հետո առաջխաղացման համար որոշակի տարածք կա:
Չնայած այն հանգամանքին, որ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներին հաճախ քննադատում են և քննադատում են այն պատճառով, որ նրանց աշախատանքի վերաբերյալ տեղեկատվության չեն տիրապետում, այդուհանդերձ ՄԽ-ն հստակ աշխատանքներ է իրականացնում: Այն, որ նրանք կողմերին որպես միջնորդ առաջարկում են ՌԴ նախագահին, ես կարծում եմ, առաջխաղացման համար լուրջ հիմք է ստեղծում: Սակայն ՄԽ-ն չի լուծի կողմերի խնդիրները: Այն կարող է բազմապիսի ծրագրեր առաջարկել, սակայն եթե բոլոր կողմերը հարցը լուծելու համար քաղաքական կամք չդրսևորեն, ոչ ոք իրավիճակը չի թեքի կարգավորման ուղղությամբ»,- ասել է նա:
Աժուբալիսի կարծիքով` շփման գծում դիպուկահարների վերացումը դրական արդյունքների կհանգեցներ:
«Այնպես ստացվեց, որ երբ ես ժամանեցի Ադրբեջան, այնտեղ սպանվել էր ադրբեջանցի տղա, հաջորդ օրը, երբ Հայաստան էի գնում, սպանվել էր հայ զինծառայող: Դիպուկահարների առկայությունը ոչ մի կողմին ոչ քաղաքական, ոչ ռազմական հաջողություն չի տա: Ես Հայաստանին առաջարկեցի միակողմանի կարգով դիպուկահարներին վերացնել`մյուս կողմին օրինակ ծառայելու համար, սակայն մերժում ստացա, այնպես, ինչպես Ադրբեջանում:
Լավ է, որ երկու կողմերն էլ Սոչիում պայմանավորվել են որոշակի մեխանիզմներ մշակել, որը թույլ կտա գոնե հետաքննել շփման գծում տեղի ունեցած միջադեպերը: Վերոհիշյալ դժբախտ պատահարներից հետո, ես խնդրեցի Լեռնային Ղարաբաղի հարցով իմ ներկայացուցչին զբաղվել միջադեպերի հետաքննությամբ:
Հայաստանում և Ադրբեջանում ես նաև մտահոգություն հայտնեցի առ այն, որ երկու կողմերը ակտիվորեն զինվում են, ինչը վկայում է վստահության բացակայության մասին, մինչդեռ բանակցությունները կայանում են միայն այն ժամանակ, երբ լարվածություն չկա»,- ասել է նա: