Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի փաստաբանները խնդրել են հայտնի դերասան Ջորջ Քլունիին անչափահաս մարմնավաճառուհու հետ սեռական կապերի մեջ մեղադրվող վարչապետի գործով որպես վկա հանդես գալ, հաղորդում է AFP-ն:
Բերլուսկոնիի պաշտպանների համաձայն` Քլունին և նրա ընկերուհին` իտալացի մոդել Էլիզաբեթ Կանալիսը, միասին մասնակցել են Բերլուսկոնիի կազմակերպած երեկույթներին, որոնց ժամանակ, հետաքննության պնդմամբ, 74-ամյա քաղաքական գործիչը խրախճանքներ էր կազմակերպում մարմնավաճառուհիների մասնակցությամբ: Երեկույթներին Քլունիի և նրա ընկերուհու մասնակցության մասին հայտարարել է մարոկուհի Քարիմա էլ Մարուգը, ով մեղադրող կողմի հիմնական վկան է:
Ինքը`Քլունին, հայտարարել է, որ իրեն տարօրինակ է թվում վարչապետի փաստաբանների որոշումը: Դերասանը հայտարարել է, որ Բերլուսկոնիի հետ հանդիպել է ընդամենը մեկ անգամ, և հանդիպման նպատակը Դարֆուրի բնակչությանն օգնություն ցուցաբերելու հարցերի քննարկումն է եղել:
Փետրվարին Իտալիայի դատարանը վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում էր կայացրել: Վարչապետը մեղադրվում է անչափահաս աղջիկների հետ սեռական կապեր ունենալու և պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ:
Հիշեցնենք, որ հարյուր հազարավոր իտալուհիներ փետրվարի 13-ին բողոքի ցույց էին անցկացրել` պահանջելով, որ կանանց նկատմամբ իր թուլությունը թաքցնել չկարողացող 74-ամյա վարչապետը հրաժարական տա: Բողոքի ակցիայի մասնակիցների կարծիքով` վարչապետի պահվածքը վիրավորում է կանանց արժանապատվությունը: