Home / Հայաստան / Լիբիայի ԱԳ ղեկավարը հրաժարվել է Քադաֆիից և փախել Մեծ Բրիտանիա

Լիբիայի ԱԳ ղեկավարը հրաժարվել է Քադաֆիից և փախել Մեծ Բրիտանիա

Լիբիայի Արտաքին Գործերի նախարար Մուսա Կուսան փախել է Մեծ Բրիտանիա, հաղորդում է «Ալ Ջազիրան»` հղում կատարելով Բրիտանիայի Արտաքին Գործերի նախարարությանը:

Նախարարությունը հայտարարել է, որ չորեքշաբթի Կուսան Անգլիայի հարավում գտնվող «Ֆարնբորո» օդանավակայան է ժամանել Թունիսից մեկնող չվերթով:

«Նա ինքնակամ է ժամանել Մեծ Բրիտանիա: Նա ասաց մեզ, որ պատրաստվում է հրաժարական տալ: Ներկայումս նրա հետ քննարկում ենք այս հարցը»,- ասված է նախարարության հայտարարության մեջ:

«Մենք խրախուսում ենք Քադաֆիի շրջապատի այն մարդկանց, ովքեր որոշում են լքել նրան և Լիբիայի համար առավել լավ ապագա ենք ուզում, որտեղ հնարավոր կլինի այնպիսի քաղաքական փոփոխություններ անել և բարեփոխումներ իրականացնել, որոնք Լիբիայի ժողովրդի շահերից կբխեն», – նշված է նախարարության հայտարարության մեջ:

Ավելի վաղ Լիբիայի կառավարության խոսնակը հերքել էր լուրերն այն մասին, որ Մուսա Կուսան փախել է երկրից:

«Նա դիվանագիտական առաքելություն է իրականացնում»,-ասել է Լիբիայի ԱԳՆ խոսնակ Մուսա Իբրահիմը: Սակայն այլ պարզաբանումներ չեն եղել:

Նշենք, որ ռազմական գործողությունները Լիբիայում շարունակվում են: Երեկ Քադաֆիին հաջողվել է կրկին հետ վերցնել ընդդիմադիրների կողմից գրավված ռազմավարական նշանակություն ունեցող նավթային Ռաս Լանուֆ քաղաքը: