Ազատության հրապարակից հեռացվել են մանկական զվարճանքների համար նախատեսված բոլոր ատրակցիոնները, և միայն ժամանակավոր բեմն է մնացել:
Epress.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և կապերի բաժնից այս հանգամանքը բացատրել են նրանով, որ հրապարակում տեղակայված բատուտը չի ապահովում երեխաների անվտանգությունը.
«Իսկ մնացածը հանվել է, որովհետև մշակույթի վարչությունը այլ միջոցառումներ է նախատեսում. միջոցառումների այս փուլն ավարտված է, հիմա այլ բնույթի միջոցառումներ են իրականացվելու»,- տեղեկացրել են լրատվության բաժնից` չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ միջոցառումների մասին է խոսքը:
Այս պահին Ազատության հրապարակում համերգ է ընթանում` Հին երևանցիների ասոցիացիայի «Աշնանային ձայն» խմբի մասնակցությամբ: Այս պահին նրանք երգում են «Քեռին եկավ մեր բակը, տու-լու-լու, տու-լու-լու, մեր բակը»:
Հիշեցնենք, որ Հայ Ազգային Կոնգրեսը տասնյակ հայցեր է ներկայացրել` Ազատության հրապարակում հանարահավաք անցկացնելու վերաբերյալ, սակայն քաղաքապետարանը մերժել է դրանք` պատճառաբանելով, որ հրապարակը որպես խաղահրապարակ է ծառայում երեխաների համար: