Բաքվում ծեծի է ենթարկվել «Ազադլիգ» պարբերականի աշխատակից Ռամին Դեկոն: Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան, երբ Դեկոն խմբագրությունից տուն էր վերադառնում: Երկու անհայտ անձինք հարձակվել են նրա վրա և սկսել հարվածներ հասցնել: Միաժամանակ նրանք «խորհուրդ էին տալիս» լրագրողին խզել կապերը ընդդիմության հետ և չմասնակցել բողոքի ակցիաներին: Բարեբախտաբար լրագրողին հաջողվել է ազատվել նրանցից և փախչել, գրում է Contact.az-ը:
Ապրիլի 3-ի առավոտյան Ռամին Դեկոյին առևանգել էին քաղաքացիական հագուստ կրող անհայտ անձինք: Լրագրողին մեքենա են նստեցրել և պահել մոտ 8 ժամ: Նրան հարցադրումներ են արել թերթում տպագրվող իր հրապարակումների և Facebook սոցիալական կայքում ծավալող ակտիվության մասին: «Ազատություն ռադիոկայանի» ադրբեջանական ծառայության տվյալներով, նրանք խորհուրդ են տվել Դեկոյին չքննադատել իշխանություններին և առհասարակ աշխատանք ծավալել որևէ իշխանամետ պարբերականում:
Ինքը` Դեկոն, կարծում է, որ իր վրա հարձակված մարդիկ կապ ունեն ավելի վաղ իրեն առևանգած խմբի հետ:
Վերջին 10 օրերի ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է, երբ «Ազադլիգ» թերթի աշխատակիցների վրա հարձակում է տեղի ունենում: Մարտի 26-ի գիշերը ծեծի էր ենթարկվել նաև լրագրող Սեյմուր Խազիևը:
Ռամին Դեկոյի հետ կապված այս միջադեպը տեղի է ունեցել հակակառավարական բողոքի ակցիայից ընդամենը մի քանի օր անց:
Բաքվում բողոքի ցույցը կայացավ ապրիլի 2-ին: Ձերբակալվեցին շուրջ 200 հոգի: