«Շարժումը որևէ կարգախոս չի մոգոնում, իսկ հետո փաթաթում ժողովրդին: Ժողովուրդը ազատորեն վանկարկում է այն կարգախոսները, որոնք համարում է ճիշտ: Դա ուղղակի ժողովրդավարության արտահայտում է: Եվ ոչ-ոք չի կարող` ով ուզում է լինի, ժողովրդի կամքին դեմ գնալ»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը մեկնաբանել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանի` մարտի 30-ին արած հայտարարությունը: Սեֆիլյանը, մասնավորապես, ասել էր, որ նրան դուր չի գալիս ՀԱԿ-ի ակտիվիստների «Լևոն նախագահ» կարգախոսը: Նրա խոսքով` այդ կարգախոսի պատճառով շատ քաղաքացիներ չեն միանում ՀԱԿ-ին, իսկ եթե իր հորդորները չլսեն, «հայտնվելու են լուսանցքում, և գալու է ժամանակը, որ «Սարդարապատն» է առաջնորդելու ժողովրդին»:
«Որևէ հեռանկար լուսանցքում հայտնվելու ես անձամբ դեռ չեմ տեսնում», – ասել է Զուրաբյանը:
Զուրաբյանին հարց ուղղվեց նաև «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ` ռեժիսոր Տիգրան Խզմալյանի հայտարարության վերաբերյալ, ըստ որի` հայաստանցիներն արդեն որերորդ տարին է` ապրում են «Արջամկան օրը» ֆիլմի հերոսի կարգավիճակում. «Մենք մնացել ենք քաղաքական ձմռան մեջ, մարտի 1-ի` լույս գիշերվա մեջ, մարտի 2-ը և քաղաքական գարունը մեզանում չի սկսվում ոչ մի կերպ»:
«Ով մնացել է` մնացել է: Մենք չենք մնացել, մենք սկսել և շարունակում ենք քաղաքական գարունը: Եվ ես բոլորին կոչ եմ անում մանր-մունր անձնական, կուսակցական, եսապաշտական, որևէ տեսակի դիտարկումներից մի կողմ կանգնել, որովհետև այսօր Հայաստանում ծավալվել է մի պատմական պայքար ժողովրդի ազատագրման համար:
Մոռացե’ք այն բոլոր բաների մասին, որոնք ձեզ բաժանում են: Միասնական եղեք և եկեք միասնական ուժերով հասնենք ժողովրդի հաղթանակին», – մեկնաբանել է Զուրաբյանը: